Գրիգորյան. TRIPP-ի վավերացված փաթեթը ոչ թե տարածքային, այլ կոնցեսիոն իրավունքների մասին է

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

TRIPP-ի երկաթգծի համար օգտագործվելու է այն նույն երկաթգիծը, որ եղել է նաև Խորհրդային Միության տարիներին, երկարությունը կազմում է շուրջ 42 կմ, և որևէ մասնավոր հողատարածք այդ հատվածում գոյություն չունի: Այս մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե ի՞նչ տարածք է զբաղեցնելու TRIPP-ը:

«Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, կոնկրետությունը դեռ վերջնական չէ, ինչու՝ որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր, ինքը չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, որովհետև ինքն ուղղակի մրցունակ չի լինի», - ասաց Գրիգորյանը՝ մանրամասնելով. - «Եթե դուք քարտեզով նայեք, տարածաշրջանում էլի կան ճանապարհներ, մենք չենք ուզում, որ այդ ճանապարհը ալտերնատիվ դեր ունենա նույն հավասարազոր որակի կարճության և տեխնիկական պարամետրերով ճանապարհի: Բայց դա լինելու է նույն հարավային հատվածում, ուղղակի բարդությունն ինչն է՝ Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից, և դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննության կարիք կա թունելների և չթունելների, որոնց հետ կապված աշխատանքները դեռ ավարտված չեն»:

Ինչ վերաբերում է էներգետիկ լարանցմանը, նշեց փոխվարչապետը, «շատ հնարավորություններ կան, որովհետև էլեկտրական գծերի հետ կապված կաշկանդվածությունն այդքան մեծ չէ, անցկացման հնարավորությունները շատ են, դրանք էլ պետք է սինխրոն լինեն Ադրբեջանից եկող ենթակառուցվածքային և լարային կապերի հետ, որը ոչ թե անորոշություն է, այլ հաշվարկների հարց է»:

Ընդդիմադիր պատգամավորը դժգոհեց, թե ինչո՞ւ չի նշվում նաև լայնությունը: Գրիգորյանը պարզաբանեց՝ լինելու է դասական ռեգիոնալ նշանակության երկաթգիծ, «բայց ինքը լինելու է մեկ գծային»:

Ի պատասխան պատգամավորի դիտարկմանը, թե դա Հայաստանի տարածքի մասին է, ինչո՞ւ հստակ մանրամասներ չեն ներկայացվում, Գրիգորյանը հորդորեց տարածքի մասին չխոսել. - «Այն փաթեթը, որ վավերացվել է, ոչ թե տարածքային, այլ կոնցեսիոն իրավունքների մասին է, և ըստ այդմ՝ Հայաստանի տարածքի ծանրաբեռնվածության մասին խոսելը մանիպուլյատիվ է»:

Հայաստանի խորհրդարանն այսօր ձայների 63 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը դեմ քվեարկեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

TRIPP-ի համաձայնագիրը վավերացվեց. ընդդիմադիրները դեմ քվեարկեցին Ինչ կտա՞ TRIPP-ը Հայաստանին և ինչպե՞ս կքվեարկի ընդդիմությունը. հայ-ամերիկյան համաձայնագիրը քննարկեցին ԱԺ-ում Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը