Ամռանը ջրանջատումներից խուսափել չի լինի: Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր խորհրդարանում նշեց՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:
«Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում», - հայտարարեց Ղալամքարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ջրային կոմիտեի նախագահ. «Վեոլիա Ջուր»-ը կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումըԳիշերը ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը ջրանջատման մասին «Վեոլիա»-ի հայտարարությանը հետևած հանրային դժգոհությունից հետո տարածքային կառավարման նախարարը երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրեց, թե Կառավարությունը միջամտել է, և ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կառավարությունը միջամտել է, ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն չի լինի. Խուդաթյան«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է առաջիկա ջրանջատումների մասին, քաղաքացիները դժգոհում են
Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը, որ շուրջ մեկ տարի է զբաղվում է «Վեոլիա»-ից դժգոհ բնակիչների խնդիրներով, արձագանքում է. - «Ցանկացած բանական մարդ, բնականաբար, դիտարկում է նախընտրական տրամաբանության շրջանակներում, հասկանում, որ չեն ցանկացել պարզապես լարել իրավիճակը»:
Արամազդ Ղալամքարյանն էլ է պնդում՝ այս աղմուկը նաև քաղաքական ենթատեքստ ունի. - «Բոլորս հասկանում ենք՝ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործվում են, բայց մի բան հստակ է. «Վեոլիա»-ն ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է»:
«Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ցանկը, ըստ որի 17-ժամյա ջրային գրաֆիկը, իսկ 51 բնակավայրերում՝ 6-ժամյան, խնդրահարույց է որակել նաև Կառավարությունը: Սա նախարար Դավիթ Խուդաթյանի պնդումն է: Ըստ նրա՝ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել ու որոշվել է կասեցնել այդ որոշումը: Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Վեոլիա Ջուր» ընկերությունը երկու շաբաթ անց բարելավված ջրամատակարարման ժամանակացույց կհրապարակեն:
Ստացվում է, որ Հայաստանի խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման պարտավորությունը 15 տարով ստանձնած ֆրանսիական «Վեոլիա Ջուր»-ն ինքնուրո՞ւյն է այդ որոշումը կայացրել: Վարձակալության պայմանագրի կողմ հանդիսացող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ասաց. - «Մեզ հետ համաձայնեցրած չի եղել»:
Հարցին՝ «իսկ էդպես լինո՞ւմ է, որ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ է փոխվում», նա արձագանքեց. - «Դե փաստացի եղել է, տեսնում եք»:
Իսկ թե ինչպես են գնահատում դա, Ղալամքարյանն ասաց. - «Դե տեսաք՝ ինչ որոշում կայացվեց»:
«Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ անցնում են ամառային ռեժիմի՝ ջուրը խնայելու նպատակով, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ բնական ջրաղբյուրներում 24 տոկոսով նվազել է ջուրը, որ համակարգի հնարավորությունները սահմանափակ են, ու որ զգալիորեն աճել է սպառողների թիվը։
Ջրային կոմիտեի նախագահն այսօր շարունակեց այս հիմնավորումները. եթե 2020-ին միայն Երևանում նոր բաժանորդների թիվը 600 էր, ապա հինգ տարի անց՝ 2025-ին, լայնածավալ կառուցապատումներից հետո 14.5 անգամ ավելացել է նոր բաժանորդների թիվն ու դարձել 8 հազար 700: Պաշտոնյան պնդեց՝ ամռան ամիսներին ջուրը չի բավարարում, ուստի գիշերը, միևնույն է, անջատումներ լինելու են, պարզապես ժամերը կկրճատվեն, օրինակ՝ 24:00-07:00-ի փոխարեն գուցե գիշերը 02:00-05:00-ը ջրերն անջատվեն:
«Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն՝ էդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով: Դրա համար, խմելու ջուրը չի բավարարում: Բնականաբար՝ շոգ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում», - ասաց Ղալամքարյանը:
«Ինչո՞ւ պետք է բնակչի խմելու ջրի գրաֆիկը կրճատվի, եթե Կառավարությունն իր ենթակա կառույցներով չի կարողանում ջրի ահռելի կորուստների հարցը լուծել», - կոմիտեի նախագահին հարցրեցին լրագրողները: Ասաց՝ 2018-ից մինչև հիմա «Վեոլիա»-ն 200 միլիոն եվրոյի վճարում է արել, ու պետությունն այդ գումարների մի մասը վերադարձրել է ընկերությանը և հավելյալ 15 միլիարդ դրամի էլ ներդրում արել: Ջրային կոմիտեի նախագահի պնդմամբ՝ 2024-25 թվականներին Կառավարությունը մի քայլով էլ է ընդառաջել ընկերությանը. - «Որոշում կայացվեց, որ այն գումարները, որոնք «Վեոլիա»-ն վճարում է Կառավարությանը, Կառավարությունը վերադարձնում է «Վեոլիա»-ին՝ պայմանով, որ դրանք պիտի ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ: Եվ ի հավելումն այդ գումարների՝ Կառավարությունը իր կողմից նաև լրացուցիչ գումարներ, մոտավորապես նույն չափի գումարներ ուղղում է նորից ենթակառուցվածքներին: Այս պահին հենց Ջրային կոմիտեի իրականացմամբ մենք ունենք 13 ենթածրագիր Հայաստանում, որից երեքը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում: Արդյունքում՝ մենք երկու տարվա ընթացքում 22 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ ենք իրականացնելու և դրանց շնորհիվ, դրանց արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լիտր/վայրկյան խնայված: Որպեսզի պատկերացնեք՝ մոտավորապես 70 լիտր/վայրկյանը դա մեկ ժամ ջրամատակարարում է ամբողջ Երևանի համար»:
Առաջիկա հինգ տարիների համար էլ Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն եվրոյի վարկ է վերցրել, որ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունները բարելավվեն: Նախագիծն այսօր դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ու առաջիկայում կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ պաշտոնյաների նշած ջրամատակարարման նոր գրաֆիկը «Վեոլիա»-ն չի ընդունելու: Որ 24 ժամվա ջրամատակարարում չի լինելու երկրում, պնդում է նաև նա, բայց՝ իր բացատրություններով. - «Որովհետև 10 տարի շարունակ պետությունը, անհրաժեշտ ծավալով ներդրումներ չանելով, խրախուսել է, որ այդ անհրաժեշտ ծավալով ներդրումները իրամսով չանի «Վեոլիա Ջուր»-ը, իրենք վարձավճարները անգամ, որ պետք է պետությանը տան՝ վարձով է տված էդ ջրերը, իրենք դա էլ չեն արել, պետությունը ներել է: Պետությունը ներել է նրանց անգամ տուգանքը, որը նշանակել է աուդիտորը, պատկերացնո՞ւմ եք: Հինգ տարի չկա տեխնիկական աուդիտոր, որը ճիշտը կասեր մեզ բոլորիս «Վեոլիա Ջրի» մասին: Եվ էս ամենից հետո փորձում են ասել, որ իրավիճակը կշտկվի: Չի շտկվելու, մենք շարունակելու ենք ձեռքը պահել զարկերակին և դիմելու ենք, բնականաբար, այն բոլոր մարմիններին, որոնք պատկան են ու այս հարցում ունեն իրավասություն»:
Ըստ Ջրային կոմիտեի նախագահի՝ Հայաստանում այժմ ջրային կորուստները հասնում են մոտ 45 տոկոսի, ոռոգման ջրի միայն փոքր մասն է ջրաչափվում, տվյալների հավաքագրման լուրջ բաց կա: Նա վստահեցնում է՝ նոր վարկային ծրագրով առաջիկա հինգ տարիներին փորձելու են լուծել նաև այդ խնդիրները։
«Այդ ներդրումային ծրագրերն ենք անելու, կապիտալ աշխատանքները՝ ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու և նաև կարգավորումներում անելուենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության: Երկու շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության գործընկերների հետ, և արդյունքների մասին դուք [կտեղեկացվեք]», -վստահեցրեց Արամազդ Ղալամքարյանը:
Միաժամանակ, քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են՝ ինչպե՞ս է կարգավորվելու այն բաժանորդների հարցը, որոնք արդեն մի քանի տարի ջուր են ստանում օրական ընդամենը 17 ժամ, իսկ որոշ բնակավայրերում՝ ավելի քիչ ժամանակով։ Նրանց հետաքրքրում է՝ արդյո՞ք նոր գրաֆիկը տարածվելու է նաև իրենց վրա։