Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ այդ գործում ընդգծելով Փաշինյանի անձնական ներդրումը։

«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում», - ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»

Անդրադառնալով COP-17-ին՝ վարչապետը նշել է, որ այն ամենամեծ միջոցառումն է, որ երբևէ կազմակերպվել է Հայաստանում և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Փաշինյանն ու Գուտերեշը մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։

Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին՝ ընդգծելով TRIPP-ի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և փոխգործակցության խթանման գործում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուտերեշը ժամանել է Հայաստան