Գլխավոր դատախազը հայտնեց, որ Վեդիի դեպքը եզակի չէ, նման դեպքեր արձանագրվել են նաև այլ մարզերում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր անդրադառնալով Վեդիում դեռահասների նկատմամբ սեռական բռնության դեպքին, ասաց, որ որոշ ժամանակ առաջ նման իրավիճակ Գեղարքունիքում էլ է եղել, բազմաթիվ իրավիճակներ են եղել նույն Արարատի մարզում:

Գլխավոր դատախազին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր հարց ուղղել, թե արդյոք անձամբ տեղյակ է Վեդու դեպքից, ինչ քայլեր է ձեռնարկվել և արդյոք տեղյակ է, որ քննչական գործընթացներն օրենքի խախտումներով են արվել ու ինչու մինչև այժմ կալանք չի եղել:

Գլխավոր դատախազը նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ հանրայնացվել է:

«Ունենք իրավիճակներ, որ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիական նյութերի պատրաստման մեջ Շիրակի մարզում և Երևանում: Այս ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է: Երբ Գեղարքունիքի մարզում մի քանի տարի առաջ նման իրավիճակ եղավ, մենք միջնորդագիր ենք ներկայացրել իրավասու մարմիններին, որ դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որ կանխարգելիչ գործառույթ ունեն: Ցանկություն հայտնեցինք ներգրավվել, որ կարողանանք իրավիճակը կանխել»,- ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, շարունակելով.

«Շատ հաճախ խոցելի խմբերն են ներգրավվում, որը տվյալ իրավիճակում առկա է: Դատավարական խախտումների հետ կապված չգիտեմ ինչքանով եք տեղյակ, բայց նույն հարցաքննությունների հետ կապված անչափահասներին ներգավվելու դեպքում մանկավարժի ու հոգեբանի պահանջ կա ու նաև հարցաքննության զգայունության անհրաժեշտություն կա, որի մասով դատախազությունը շատ հետևողական է: Վարույթը գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է և կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ Ձեր հարցադրումն ու մտահոգությունը կանցնի: Այս մասով մենք խիստ խափանման միջոցի ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից»:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ միայն այս դեպքով չէ, որ հասկացել են՝ խնդիրը կա: «Աչալուրջ ենք»,- ասաց Աննա Վարդապետյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթակվել է սեռական բռնության