Ղազախստանը նոր Սահմանադրություն է ընդունում

Սահմանադրական հանրաքվեն Ղազախստանում, 15-ը մարտի, 2026թ.

Ղազախստանում երեկ անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ նոր Սահմանադրությունը, որը, ըստ քննադատների, իշխանությունն ավելի է կենտրոնացնում նախագահի ձեռքում, ընտրողների 87.15 տոկոսի հավանությանն է արժանացել:

Հանրաքվեն անցկացվել է մամուլի նկատմամբ սահմանափակումների և գործընթացը լուսաբանող լրագրողների կարճատև ձերբակալությունների մասին հաղորդումների ֆոնին:

Համաձայն Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը երկրում 12.5 միլիոն է, կիրակի ժամը 18-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էին նրանց 70 տոկոսից ավելին, ինչը պահանջվում է հանրաքվեն կայացած համարելու համար:

Նոր Սահմանադրությունը նշանակալի քաղաքական փոփոխություններ է ենթադրում, այդ թվում՝ երկպալատ խորհրդարանի փոխարինում 145 մանդատանոց միապալատ խորհրդարանով՝ Կուրուլթայով, նոր խորհրդակցական մարմնի՝ Ժողովրդական խորհրդի ստեղծում, որն օժտված կլինի օրենսդրական նախաձեռնությունների լիազորությամբ:

Նոր խորհրդարանի ընտրությունները նախատեսվում են այս տարվա օգոստոսին, իսկ նախագահական հաջորդ ընտրությունները, ինչպես երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է հաստատել, կանցկացվեն սահմանված ժամկետում՝ 2029 թվականին, պահպանելով պետության ղեկավարի պաշտոնավարման գործող յոթնամյա մեկ ժամկետը: