Անցնելով գերության 4 տարիները «Հարրի Փոթերի» օգնությամբ 

Չորս տարի շարունակ ռուսական գերության մեջ Ալեքսանդր Իվանովը իր բանտախուցը կիսող տղաներին պատմել է «Հարրի Փոթերի» պատմությունները: Նա գրեթե ամբողջությամբ անգիր գիտի «Հարրի Փոթերի» բոլոր յոթ գրքերը։

«Ես կանգ էի առնում ամենահետաքրքիր պահին ու տղաներն ասում էին. «Գիտե՞ս, անհամբեր սպասում եմ առավոտյան արթնանալուն, որ շարունակես», - պատմել է Իվանովը։

Նա ասում է՝ ութ տղամարդու պահում էին մի փոքր խցում, որտեղ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին ոտքի վրա։

Երբ նա պատմել-ավարտել է վերջին գիրքը, խցակիցները խնդրել են պատմությունը սկսել նորից։

Իվանովի համար «Հարրի Փոթերի» պայքարը նաև իր կյանքի ու խցակիցների մասին էր. «Նրանք պայքարում են տարածքի, փողի և Վոլդեմորի դեմ։ Իսկ մենք պայքարում ենք մեր ընտանիքների, ընկերների և երկրի հանդեպ սիրո համար։ Եվ սերը կհաղթի»։

Ալեքսանդր Իվանովն ազատ է արձակվել 2026-ի մայիսին՝ գերիների փոխանակման արդյունքում։ Գերության մեջ անցկացրած չորս տարիների ընթացքում նա կորցրել էր 35 կիլոգրամ։

Նրա կինը ազատ արձակված մյուս բանտարկյալներից էր իմացել, որ ամուսինը հիշողությամբ նրանց օրեր շարունակ պատմել է «Հարրի Փոթերը», որից հետո գրքի հեղինակին՝ Ջոան Ռոուլինգին նամակ էր գրել:

Ռոուլինգի պատասխանը ստացել էին, երբ Իվանովն արդեն ազատ էր արձակվել. «Ես դիտում էի «Օսկարի» մրցանակաբաշխությունը, երբ ուկրաինացի ռեժիսորը հաղթեց «20 օր Մարիուպոլում» ֆիլմի համար։ Նա ասաց. «Երանի երբեք չնկարահանեի այս ֆիլմը»։ Եվ ես նույնը կասեի Ռոուլինգի նամակի մասին։ Երանի երբեք այն ստանալու առիթը չունենայի»:

Այսօր Իվանովը վերականգնողական բուժում է անցնում և փորձում վերադառնալ առօրյա կյանք:

Նա ասում է՝ հաճախ է մտածում նույն բանտախցում իր հետ մնացած տղաների և «Հարրի Փոթերի» պատմություններից այն ուղերձի մասին, որն օգնել է դիմանալ ամենամութ պահերին. «Երջանկություն կարելի է գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում՝ եթե միայն հիշես լույսը վառել»: