Գերմանիայի Տրոյխտլինգեն քաղաքի կայարանում հայտնաբերված առարկան պայթուցիկ չի պարունակել

Ոստիկանական ավտոմեքենա Գերմանիայում, արխիվ

Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ Բավարիայում երկաթուղային գծերի վրա հայտնաբերված «կասկածելի առարկան» պայթուցիկ չի պարունակել։ «Հետաքննությունը ցույց է տվել, որ այն պայթուցիկ չէ», - ասվում է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը կարծում է, որ «առարկան միտումնավոր է տեղադրվել՝ երթևեկությունը խափանելու նպատակով»։

«Քրեական ոստիկանությունը դեպքի վայրում է և հավաքում է ապացույցներ։ Այդ պատճառով երկաթուղային երթևեկությունը դեռևս դադարեցված է», - տեղեկացնում է ոստիկանությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի հարավում գտնվող Տրոյխտլինգեն քաղաքի երկաթուղային կայարանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ «Դաշնային ոստիկանության մասնագետներն այժմ ուսումնասիրում են առարկան, որը կարող է պայթուցիկ վտանգ ներկայացնել», - գրել էր ոստիկանությունը X-ում՝ հորդորելով մարդկանց շարունակել հնարավորինս հեռու մնալ այդ տարածքից։

Մոտ 13 հազար բնակիչ ունեցող Տրոյխտլինգեն քաղաքը գտնվում է Մյունխենից մոտ 150 կմ հյուսիս։ Երկաթուղային կայարանը տարածաշրջանային և հեռավոր երթուղիների կարևոր հանգույց է։ Այստեղից երկաթգծերը կապում են Մյունխենը, Նյուրնբերգը և Բավարիայի այլ քաղաքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միջադեպ Լայպցիգի օդանավակայանում ՆԱՏՕ-ն հաստատել է՝ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ ԱԹՍ է նկատվել