Գերիներին ազատ արձակելու հարցով երրորդ երկրներին դիմելու տարբերակը չի աշխատել. Միրզոյան

Գերիներին ազատ արձակելու հարցով երրորդ երկրներին դիմելու տարբերակը չի աշխատել, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Չի աշխատել դա: Ի՞նչ եք կարծում՝ հնարավորություն կա երրորդ երկրով հարցը լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք։ Երրորդ երկրներին դիմել ենք․ կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են [Բաքուն]՝ հեռու խաղացեք»։

Միաժամանակ արտգործնախարարն ընդգծեց՝ «պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե չասենք հակառակը»:

«Բոլորի ազատ արձակման մեր ջանքերը երբեք չեն դադարում։ Ես ինչո՞ւ չեմ կարող երաշխավորված ու վստահ ասել՝ կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չի կախված», - ասաց Միրզոյանը:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում են փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ: