Երբեմնի ամենաբարձր խաչը Թբիլիսիում. հայկական եկեղեցու աստիճանական անհետացումը

Հայկական եկեղեցին Թբիլիսիում

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում փլատակի է վերածվում հայկական Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 18-րդ դարի կառույցի շուրջ ընթացող շինարարությունը խարխլում է առանց այդ էլ փլուզված եկեղեցու հիմքերն ու փակում քաղաքի պատմական կառույցներից մեկը։

Եկեղեցին Վրաստանի Հանրապետության բալանսում է, հայկական կողմն ու արվեստի պատմաբաններն ահազանգում են՝ շուտով եկեղեցուց ոչինչ չի մնա։

Թբիլիսին 1910 թվականին պատկերող գունավոր լուսանկարում մի եկեղեցու մեկ սրածայր գմբեթն առանձնանում է մնացածից՝ ավելի վեր է։ Այն Կարմիր Ավետարան եկեղեցու գագաթն է, որը հայտնի է նաև որպես Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Հայկական եկեղեցին կառուցվել է 1700-ականների վերջին հայերով բնակեցված թաղամասում՝ Հավլաբարում՝ բնակիչների նվիրատվություններով: 40 մետր բարձրությամբ եկեղեցին շուրջ 200 տարի եղել է մայրաքաղաք Թբիլիսիի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Եկեղեցու գմբեթը փլուզվել է 1980-ականներին երկրաշարժի պատճառով։ Դրանից հետո շինության վիճակը տարեցտարի վատացել է։ Այսօր այն կիսափուլ է, կիսաքանդ, պղծված պատերով։

Կիսաքանդ եկեղեցին, լուսանկարը՝ 2022 թվականի

Եկեղեցու պատերը, փետրվար, 2024թ.

Այսօր քայլելով կիսաքանդ շենքում՝ դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ այստեղ գործել է եկեղեցի, և որ հավատացյալները քայլել են այս տարածքում։

Եկեղեցու ներսը՝ հիմա

Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու մամուլի խոսնակ Սուսանա Խաչատրյանն ասում է, որ իրենք բազմիցս դիմել են տեղի իշխանություններին Թբիլիսիի եկեղեցու հարցով։

«2009-ին մենք դիմեցինք այն ժամանակվա վարչապետ Նիկա Գիլաուրին, որ եկեղեցին վերադարձնի Հայոց թեմին: 2012-ին և 2015-ին մենք նորից փորձեցինք, բայց ոչ մի արձագանք», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է Խաչատրյանը, - «Հիմա ամեն օր կորչում է մեկ աղյուս, մեկ քար։ Երևի շուտով կգա այն օրը, երբ ոչինչ չի մնա»։

2007 թվականին հայկական եկեղեցուն մշակութային ժառանգության կարգավիճակ է տրվել, սակայն դա իրավիճակը չի փրկել։

Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում կարմիր աղյուսե հյուրանոց է վեր խոյանալու։ Այս ու կառուցվող մյուս շենքերը շուտով կփակեն քաղաքի երբեմնի ամենաբարձր եկեղեցին՝ Շամքորեցոց Սուրբ Աստվածածինը։

Եկեղեցու հարևանությամբ ապրողներին վախեցնում է, որ այն փլուզման վտանգի տակ է։ Իսկ արվեստի ոլորտի փորձագետներին անհանգստացնում է մեկ այլ բան. եկեղեցին հատուկ նշանակություն ունի՝ որպես հին քաղաքի խորհրդանիշ, բայց այն փուլ է գալիս վեր խոյացող նոր շենքերի հարևանությամբ։

Շամքորեցոցը Վրաստանի կառավարության բալանսում է, Հայ Առաքելական եկեղեցին չի կարող պահպանության տակ առնել շինությունը։

2017-ին հայտնի դարձավ, որ եկեղեցու շուրջ իրականացվող շինաշխատանքներից մեկն ընթանում է կոպիտ խախտումներով։ 2016-ի վերջին եկեղեցու կողքին եռահարկ բնակելի շենք էր կառուցվել ծանր տեխնիկայի օգտագործմամբ, խախտվել էր կառույցի ամբողջականությունը։

Վրացի արվեստաբան Թամար Ամաշուխելին նկատում է. - «Այս շենքերը աչքի են ընկնում և ծառայում են մարդկանց կողմնորոշելուն։ Այս հուշարձանը Թբիլիսիի բազմաթիվ այլ պաշտամունքային վայրերի հետ միասին ունեցել է այս գործառույթը»։

Նրա կանխատեսմամբ՝ եկեղեցին կթաղվի կառուցապատվող նոր շենքերի տակ կամ փուլ կգա՝ իր հետ տանելով հին Թբիլիսիի պատմության մի մասը։