Գեներալ Լապինը Թաթարստանի փոխվարչապետ կդառնա

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապին, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերի «Կենտրոն» և «Հյուսիս» զորախմբերի նախկին հրամանատար Ալեքսանդր Լապինը դառնալու է Թաթարստանի փոխվարչապետ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան այդ հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Գեներալը զբաղվելու է Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներին աջակցության հարցերով. այդ նպատակով Թաթարստանի կառավարության կազմում առանձին կառուցվածքային ստորաբաժանում են ստեղծել:

Լապինը պահեստազորի գեներալ-գնդապետ է, տարբեր տարիների եղել է Սիրիայում ռուսական զորախմբի շտաբի պետ, «Կենտրոն» և «Հյուսիս» զորախմբերի հրամանատար: 2022 թվականի աշնանը նրա և Ռամզան Կադիրովի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, երբ Չեչնիայի ղեկավարը գեներալին մեղադրել է բռնազավթված Կրասնի Լիմանը փաստացի հանձնելու մեջ, 2025-ին Լապինին ազատել են բանակից:

Այս տարվա հունիսին Ուկրաինայի դատարանը ռուս գեներալին ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության, ագրեսիվ պատերազմի նախապատրաստման մեղադրանքով:

Քննության տվյալներով՝ հենց Լապինն է ղեկավարել Ռուսաստանի ու Բելառուսի տարածքներից ռուսական զորքերի հարձակումը Սումիի, Չեռնիգովի մարզերի և Կիևի ուղղությամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքը գրավելու նպատակով: