Գեմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարին

Ավգուստ Հանինգ, արխիվ

Գերմանիայում ձերբակալել են Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգին՝ լրտեսության, պետական դավաճանության և օտարերկրյա պետության օգտին հետախուզական գործունեության փորձի կասկածանքով: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային դատախազության հայտարարությանը:

Հանինգը Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998 թվականի դեկտեմբերից մինչև 2005-ի նոյեմբերը, ավելի ուշ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը:

Գործով անցնում է նաև Դաշնային հետախուզական ծառայությունում Հանինգի և այլ ղեկավարների օրոք՝ մինչև 2026-ի մարտը աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մանֆրեդ Դ.-ն, որին մեղադրում են պետական դավաճանության և լրտեսության փորձին հանցակցության մեջ:

Քննության տվյալներով՝ 2010-ը գարնանը երկու կասկածյալները պայմանավորվել են, որ Մանֆրեդ Դ.-ն մշտական հիմքի վրա վարձատրության դիմաց փոխանցելու է Հանինգին հետախուզական տեղեկատվություն BND-ից: Այդ տեղեկատվությունը Հանինգն օգտագործելու էր իր մասնավոր խորհրդատվական ծառայությունների շրջանակում: Քննիչների գնահատականներով՝ հետախուզական ծառայության նախկին ղեկավարին փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ հազար փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնի տեղեկատվություն էին պարունակում:

Դատախազության փոխանցմամբ՝ Հանինգը մի անգամ օգտագործել է գաղտնի տվյալները օտարերկրյա հետախուզության համար վերլուծական գրություն պատրաստելու համար, ինչպես նաև սերտ կապեր է պահպանել մեկ այլ օտարերկրյա հետախուզության ներկայացուցչի հետ, որին քաղաքական տեղեկատվություն է փոխանցել:

Deutsche Welle-ն կատարվածը որակում է իբրև «Գերմանիայում ամենամեծ լրտեսական սկանդալը այս դարում, որը ծավալվում է իրական ժամանակի ռեժիմում»:

Առայժմ չի հաղորդվում, թե որ օտարերկրյա պետության հետ համագործակցության մեջ է մեղադրվում Հանինգը: Նա աշխատել է աշխարհով մեկ իբրև անվտանգության և բիզնեսի ոլորտներում խորհրդական, կապեր է ունեցել նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ, այդ թվում՝ պետական կառույցների: Միայն 2015-2019 թվականներին Հանինգը 7 անգամ այցելել է Ռուսաստան: