«Գազպրոմ»-ը հայտնել է «Կրասնոդարսկայա» կայանի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին

Դեպի Թուրքիա` «Կապույտ հոսք» (Blue Stream) գազատարով բնական գազի մատակարարումներում ներգրավված «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ «Գազպրոմ»-ից պնդել են, թե մատակարարումների անխափան ընթացքը չի խաթարվել։

Հարձակումը, ըստ ռուսական կողմի, տեղի է ունեցել երեկ երեկոյան։

«Հարձակման նպատակն էր խափանել ռուսական գազի անխափան մատակարարումները Թուրքիա։ Ներկայում իրականացվում են հասցված վնասների վերացման աշխատանքներ։ Օպերատիվ ձեռնարկված միջոցների շնորհիվ հաջողվել է կանխել մատակարարումների խափանումը»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Ռուսաստանյան «Vedomosti»-ն նշում է, որ «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանը «Գազպրոմ»-ի գազատրանսպորտային համակարգի առանցքային օբյեկտներից մեկն է Ռուսաստանի հարավում։

«Կապույտ հոսք» գազատարը, որն անցնում է Սև ծովի հատակով, նախատեսված է Թուրքիա բնական գազ մատակարարելու համար՝ շրջանցելով տարանցիկ երկրները։ Այն շահագործվում է 2003-ից և ունի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերին