Գազի գնի աճը ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մանուկյան

Հայկական կողմը ռուսական «Գազպրոմից» կամ «Գազպրոմ Արմենիայից» այս պահին պաշտոնական որևէ գրություն չի ստացել, գազի գնի հնարավոր թանկացման մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ հույս հայտնելով, որ չի լինի գազի թանկացում:

Միևնույն ժամանակ Մեսրոպյանը նշեց՝ գազի գնի աճը ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

«Մեր երկրում հետևյալ տոկոսային բաշխվածությունը կա. էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային Էլեկտրակայաններին, հետևաբար, եթե գազը թանկանա, ՋԷԿ-երի սակագինը կախված գազի սակագնի թանկացման հետ, բնականաբար, կթանկանա ու նման ձևով ազդեցություն կունենան սակագների վրա: Եթե սահմանի վրա գազի ներկրման գինը աճի 30 տոկոսով, այսօրվա սահմանի վրայի գինը, որը 174,46 դոլար է 1000 խորանարդ մետր գազի համար, կդառնա 226,8: Դա միջինացված կերպով էլեկտրաէներգիայի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա», - ներկայացրեց նա:

Անդրադառնալով շաբաթներ առաջ հրապարակված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցին, ըստ որի, եթե Հայաստանը դուրս գա տնտեսական միությունից, գազը կթանկանա 69 տոկոսով, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Եթե այդ դեպքը լինի, այս 174,4 դոլարը կդառնա 294,8 դոլար 1000 խորանարդ մետրի համար: 300 տոկոս թանկացման դեպքում կդառնա՝ 697,85 դոլար»:

Մեսրոպյանը վստահություն հայտնեց, որ գազի մատակարարումը չի դադարեցվի, բայցև նշեց. «Եթե դադարեցվի, պետք է կարգավորման այլ գործիքներ մտածենք կիրառել, օրինակ, այն ծանր տարիների 92, 3, 4 թվերի նման Սևանից լրացուցիչ ջրթող անենք, որ Հիդրոկասկադը Սևան-հրազդանյան ամբողջ տարին աշխատանցնենք: Պետք է արագ բանակցենք Վրաստանից և Վրաստանի միջոցով էլեկտրաէներգիա ներկրելու, Որոտանի կասկադն ամբողջությամբ պետք է աշխատացնենք, այս տարվա ջրային ռեսուրսները թույլ են տալիս նման բան անելու»:

Հարցին՝ արդյոք ճգնաժա՞մ է սպասվում, ՀԾԿՀ նախագահը պնդեց, թե՝ ոչ:

Նախօրեին էլ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր՝ եթե ռուսական գազը տասը տոկոսով թանկանա, Հայաստանի ընդհանուր գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով:

Հոկտեմբերին հրապարակված ԵԱՏՄ զեկույցում ըստ ոլորտների կանխատեսումներ էին արվել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել էր, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե ռուսական գազը 10 տոկոսով թանկանա, Հայաստանի գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով. ԿԲ նախագահ