Գազայի հիվանդանոցին Իսրայելի հարվածից 6 մարդ է զոհվել

Իսրայելի օդուժի հարվածի հետևանքները Խան Յունիսի «Նասեր» հիվանդանոցում, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Գազայի հարավում Խան Յունիսի գլխավոր հիվանդանոցին գիշերը Իսրայելի օդուժի հասցրած հարվածի հետևանքով առնվազն վեց պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ ճանաչված վիրաբույժ Ռեզիք Աբուշիրան և մի 13-ամյա տղա, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցի բժիշկներին:

Հարվածը հասցվել է «Նասեր» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մասնաշենքին: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, թե իրենց թիրախը Մուհամադ Աբու Իսմայիլն էր, ում ներկայացնում են իբրև «Համաս»-ի Խան Յունիսի բրիգադի հրամանատար»: Իսրայելի բանակը պնդում է, թե զինյալները հիվանդանոցային համալիրն օգտագործել են հարձակումներ պլանավորելու համար, ինչը «Համաս»-ը հերքում է:

Ականատեսների վկայությամբ, հինգհարկանի շենքի տանիքը երկու հրթիռ է ճեղքել՝ մեծ ավերածություններ պատճառելով: Վիրաբուժական բաժանմունքը, որը սպասարկում է Գազայի 2 միլիոն բնակիչների գրեթե կեսին, շարքից դուրս է եկել:

Գազայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի զինուժը «Նասեր» հիվանդանոցային համալիրին հարվածներ է հասցրել առնվազն յոթն անգամ, փոխանցել են հիվանդանոցի պաշտոնյաները:

Հիվանդանոցները պաշտպանված են միջազգային իրավունքով:

Այսօր ևս երեք պաղեստինցիներ զոհվել են Գազա քաղաքում իսրայելցիների հարվածից և փախստականների Բուրեյջ ճամբարում կրակոցներից:

Չնայած մեկ տարի առաջ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը, Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Գազայի հատվածում՝ պնդելով, թե դրանց թիրախում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալներն են: