Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են. ուսանողները պահանջում են բարելավել պայմանները

Ավագ դպրոցի աշակերտը ձեռքին «Դուք եք ստեղծել այդ սերունդը, տե՛ր կանգնեք դրան» գրությամբ պաստառ է պահում Սեն Դենիում ցույցի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայում ուսանողների զանգվածային ցույցերը նոր թափ են հավաքում: Այսօր նաև ծնողներ և արհմիություններ են միացել բողոքի ակցիաներին, որոնք ընթանում են արդեն երկրորդ շաբաթը: Ցույցեր են ավելի քան 30 քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիոնում:

Ցուցարարները բողոքում են դպրոցներում ուսուցիչների և անձնակազմի պակասից, դասարանների գերբեռնվածությունից և շենքային վատ պայմաններից։ Ուսանողներն ու աշակերտները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում տրամադրել դպրոցներին և բուհերին, բարելավել պայմանները, նաև կրթական բարեփոխումներ իրականացնել:


Դպրոցական պայմանների վերաբերյալ ցույցի ժամանակ Սեն Դենիում ավագ դպրոցի աշակերտը պաստառ է պահում, 4-ը հոկտեմբերի, 2026 թ.

Արհմիություններից մեկը հայտնել է, որ կառավարությունը շրջափակել կամ փակել է 1800 ավագ դպրոց: Իշխանությունները պնդում են, որ այդ հաստատությունների անվտանգությունն ապահովված չէ: Համալսարանների 90%-ը ևս շրջափակված է։ Լիլում ցուցարարները դպրոցների մոտ եղած աղբամաններ են այրել: Փարիզում ուսանողները ևս դպրոցներ են արգելափակել:

«Կարծում եմ՝ բոլորս մեր դերն ունենք այս շարժման մեջ, և որքան շատ լինենք, այնքան ավելի շատ մեր ձայնը կլսվի։ Կարծում եմ՝ սա մի քանի մարդկանց պայքար չէ, այլ ավելի գլոբալ պայքար է հանուն երիտասարդության»,- ասել է նախապատրաստական կուրսի ուսանող Հյուգո Վետցելը:

Ցույց Լիոնում, 6-ը հոկտեմբերի, 2026 թ.

Նախապատրաստական կուրսի մեկ այլ ուսանող Մոնա Ֆալակարան էլ ասել է, որ սա երիտասարդական իսկական շարժում է: «Միանգամայն ուրախ եմ, քանզի վերջապես մեկ անգամ տեսնում ենք երիտասարդության իրական շարժում է ամենուր…Բայց ցավում եմ, որ լրատվամիջոցներն ավելի շատ ցույց են տալիս ուսանողների բռնությունը՝ նախքան նրանց պահանջները ներկայացնելը, որոնք կենսական կարևորություն ունեն։ Եվ այո՛, կա մի փոքր բռնություն, բայց դա ամենուր չէ»,- ասել է նա։

Ցույցերի ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով առ այսօր ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, վիրավորվել է առնվազն 215-ը: Ուսանողներից մեկը ձեռքն է կորցրել, երբ, ըստ տարբեր հաղորդումների, պայթել է իրավապահների կիրառած լուսաձայնային նռնակը, որը նա փորձել է վերցնել գետնից։ Մեկ այլ ցուցարարի դեմքն է վնասվել՝ ոստիկանի կրակած արցունքաբեր գազի տարայի հարվածից: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ցուցարարները հավաքվել են Փարիզի Լիսի Կոնդորսե ավագ դպրոցի դիմաց, 6-ը հոկտեմբերի, 2026 թ., Ֆրանսիա

Ստրասբուրգում այսօր նույնպես բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:

Ֆրանսիայի վարչապետը կառավարությանը հանձնարարել է հնարավորինս արագ լուծել ուսանողների բարձրացրած գլխավոր խնդիրները: Սեբաստիան Լեկորնուն կարգադրել է հավելյալ ուսուցիչներ ներգրավել կրթական գործընթացին, վերանայել 10-ժամյա դպրոցական օրվա տևողությունը և ավելի երկար ժամանակ հատկացնել ճաշի ընդմիջումների համար:

Վարչապետը խոստացել է, որ կառավարությունը կքննարկի նաև դպրոցական հնացած շենքերի վերանորոգման հարցը և նախարարներին մինչև հոկտեմբերի վերջ ժամանակ է տվել՝ իրենց առաջարկները ներկայացնելու համար։

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, 6-ը հոկտեմբերի, 2026 թ., Ստրասբուրգ, Ֆրանսիա

Կրթության նախարարությունն էլ երեկվանից խորհրդակցություններ է սկսել ավագ դպրոցի աշակերտների համար, որպեսզի նրանք ներկայացնեն կրթական գործընթացի բարելավման վերաբերյալ իրենց առաջարկները։

Նախարար Էդուար Ժեֆրեյնն ասել է, թե կարևոր է «հաշվի առնել աշակերտների դպրոցական փորձառության բազմազանությունը», ապա հավելել, որ խորհրդակցությունները կառավարությանը հնարավորություն կտան լսել ուսանողների առաջարկները և կոնկրետ լուծումներ մշակել նրանց հետ միասին: