Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երեկ ցույցերին մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ կյանքի որակի վատթարացման։ Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն երեկ ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։

Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT), իր հերթին, ցուցարարների թիվը գնահատում է 800 հազար, այդ թվում՝ 250 հազար մարդ մայրաքաղաքում։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 1000 մարդ։

«Ակնհայտ է, որ այս թիվը կավելանա, երբ ամփոփենք արդյունքները։ Հոկտեմբերի 17-ին, նույն ժամին, մենք ունեցել էինք 385 ձերբակալություն», - ասել է նա։

Ինչպես բողոքի նախորդ օրերին, ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հաղորդվում է ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շրջանում տուժածների մասին։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին։ Սկզբում դրանց հիմնական մասնակիցները դպրոցականներն էին, որոնք պահանջում էին բարելավել կրթության որակը և ավելացնել պետական դպրոցների ֆինանսավորումը։

Հետագայում նրանց միացել են ուսանողները, ծնողներն ու մանկավարժները, ընդլայնվել են թե՛ բողոքի ակցիաների օրակարգը, թե՛ մասնակիցների շրջանակը։ Ցույցերին միացել են արհմիությունները, հասարակական և քաղաքական ակտիվիստները, «դեղին բաճկոնները» և քաղաքացիների այլ խմբեր, որոնք դժգոհ են գների բարձրացումից, սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորման կրճատումից, հանրային ծառայությունների անկումից և ոստիկանության բռնություններից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 135 մարդուՖրանսիայում անկարգությունների վնասը կարող է հասնել 1,2 միլիարդ եվրոյիՑույցերից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել. մարդիկ դժգոհում են