Եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, ապա Ֆրանսիայի նախագահ կընտրվեր ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Ժորդան Բարդելան։
Դա են վկայում ֆրանսիական Odoxa ընկերության կողմից նոյեմբերի 19-ից 20-ն անցկացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն՝ առաջին անգամ Ֆրանսիայի պատմության մեջ ազգայնական թեկնածուն ի վիճակի է հաղթել թե՛ աջ-կենտրոնամետ, և թե՛ ձախ մրցակիցներին։ «Առաջին փուլում Բարդելան կարող է հավաքել քվեների 35 կամ 36 տոկոսը»,- պնդում են ֆրանսիացի սոցիոլոգները։ Նրանց խոսքով, եթե երկրորդ փուլում ազգայնականների մրցակիցը լինի ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, ապա Բարդելան կհավաքի քվեների 74 տոկոսը։ «Եթե երկրորդ փուլ դուրս գա նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ապա Բարդելան կրկին կհաղթի, սակայն ավելի փոքր առավելության ՝ստանալով ձայների 53 տոկոսը»,- պնդում են հետազոտության հեղինակները։