Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է մինչև 500 կմ թռիչքի հեռահարություն ունեցող դրոններ

Պատկերային լուսանկար

Ֆրանսիական EOS Technologie ընկերությունը Ուկրաինային մատակարարել է Rodeur 330 հարվածային դրոնների փոքր խմբաքանակ, որոնք ունեն մինչև 500 կմ թռիչքի հեռահարություն և կարող են օդում մնալ մինչև հինգ ժամ։

Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում անելով France 24-ին:

Ընկերության գործադիր տնօրեն Ժան-Մարկ Զուլիանին հայտարարել է, որ արևմտյան արտադրողների համար Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր տրամադրելը հնարավորություն է դրանք դաշտում փորձարկելու:

Զուլիանիի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործողությունների համար։ Ինչպես ընկերության գործադիր տնօրենն է նշել, Եվրոպան դրանք կարող է օգտագործել «որպես վահան», իսկ Ուկրաինան՝ «որպես սուր»։

Ուկրաինայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ երկիրն արդեն մշակել և արտադրել է 500 կիլոմետրից շատ ավելի մեծ հեռահարությամբ անօդաչու թռչող սարքեր։ Դրանք օգտագործվել են նաև Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու համար։ Միևնույն ժամանակ, արևմտյան դաշնակիցներից ստացված սպառազինության շարքում Rodeur 330 անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահեռահարներից մեկը։