Ֆրանսիան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) է մեղադրել հոկտեմբերին ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա կիբեռհարձակումների համար, որոնց հետևանքով բազմաթիվ սուպերմարկետներում մեծ ծավալի սնունդ էր փչացել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ խոսքն «աննախադեպ մասշտաբի և աննախադեպ ագրեսիվության» գործողության մասին է։
«Սա մեր տարածքում դիվերսիայի նպատակով առաջին նմանատիպ լայնածավալ կիբեռհարձակումն էր, և այն լուրջ հարձակում է պետական շահերի և Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության վրա», - Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բարոն։
Նա հավելել է, որ կիբեռհարձակման համար պատասխանատու բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն «եվրոպական մակարդակով»։
Իրանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Նախարարի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայում Իրանի դեսպանը, նրան ներկայացվել է «խիստ բողոք այս չափազանց լուրջ արարքի կապակցությամբ»։ Ֆրանսիան նաև կձեռնարկի «բոլոր այլ անհրաժեշտ և համաչափ միջոցները»՝ ի պատասխան միջադեպի՝ «զգուշացնելու նրանց, ովքեր կարող են փորձել կրկնել նման բան», նշել է նա։
Փարիզի դատախազությունը նույն օրը հայտարարեց, որ հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ: Հետաքննիչները հարձակման մեջ կասկածում են ԻՀՊԿ-ին կից «Շահեդ Քավեհ» հաքերային խմբին: Իրանը դեռ չի մեկնաբանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունը:
Կիբեռհարձակումն ազդել է հարյուրավոր խանութների վրա
Հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ տուժեցին կիբեռհարձակումից, որը խափանեց նրանց սառնարանային համակարգերի աշխատանքը: Հաքերները կարողացել էին հեռակա կարգով փոխել սառնարանների և սառցարանների ջերմաստիճանը: Արդյունքում դրանք մի քանի ժամ տաքացել էին մինչև 50 աստիճան Ցելսիուս: Խանութները ստիպված էին դեն նետել փչացած սնունդը: Որոշ դեպքերում տեղի ունեցան հրդեհներ և տեխնիկական խափանումներ:
Նոյեմբերի սկզբին սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա նմանատիպ կիբեռհարձակումներ են գրանցվել նաև Բելգիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում և Շվեդիայում։