Ֆրանսիան Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն կճանաչի

Ֆրանսիան Եվրամիության արտգործնախարարների այսօր կայանալիք խորհրդի նիստում կաջակցի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ժան-Նոել Բարոն ասել է, որ Իրանի իշխանությունները չեն կարող անպատիժ մնալ խաղաղ ցույցեր անող սեփական ժողովրդին բռնաճնշելու համար։ Իրանցիների բացառիկ քաջությունը բռնության դեմ պայքարում չպետք է ապարդյուն լինի, նշել է նա։

Բարոն նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ պատժամիջոցներ կկիրառեն այս խախտումների համար պատասխանատուների նկատմամբ։ Մասնավորապես նրանց կարգելվի մուտք գործել եվրոպական տարածք, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։

«Ֆրանսիան կաջակցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդգրկմանը ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում։ Ռեժիմը պետք է անհապաղ ազատ արձակի բանտարկյալներին, դադարեցնի մահապատիժները, վերացնի թվային շրջափակումը և թույլ տա ՄԱԿ-ի առաքելությանը հետաքննել Իրանում կատարված հանցագործությունները», - ասել է նա։

Միացյալ Նահանգները, Կանադան և Ավստրալիան արդեն իսկ ԻՀՊԿ-ն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն: ԵՄ անդամներ Գերմանիան և Նիդերլանդները բազմիցս կոչ են արել դաշինքին հետևել այս երկրների օրինակին: Ֆրանսիայի որոշումը կարող է ճանապարհ հարթել ԵՄ-ում այս հարցի շուրջ կոնսենսուսի համար։

ԱՄՆ-ում գործող իրանական իրավապաշտպան կառույցների մեկի՝ Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության տվյալներով՝ Իրանում տարվա սկզբին տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված բախումների զոհերի թիվը մոտենում է 6 հազարի։ Կազմակերպության պնդմամբ՝ այս պահին իրենց կողմից հաստատված զոհերի թիվն է 5848։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, մնացյալը՝ ցուցարարներ։