Լոռիում տղամարդը տնային կալանքի տակ է վերցվել՝ իշխող կուսակցության համակրի դեմ ֆեյսբուքում «անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ հրապարակելու համար», որով, ըստ Քննչական կոմիտեի, նա «բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել բարոյական նորմերի նկատմամբ»:
Նրա դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու հոդվածով»։ Եթե դատարանը մեղադրանքն ապացուցված համարի, տղամարդուն սպառնում է տուգանքից մինչև 1-3 տարվա ազատազրկում։
Քննությունն իրականացվում է Լոռու մարզային քննչական վարչությունում, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահները պարզել են, որ «մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով»: