Ֆադեև․ «Հայաստանի դաշնակցային հակումները կասկածելի են»

Ռուսաստանի ԱԳՆ շենքը, արխիվ

«Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցություն ծավալելու՝ Հայաստանի պատրաստակամությունը կասկածի տեղիք է տալիս», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Առայժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մեր հարաբերությունները որպես միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է ընկալում։ Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ հայկական կողմն ավելի հավասարակշռված և իրատեսական մոտեցում կցուցաբերի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Երևանում հրաժարվում են Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից, որոնք իբր խանգարում են այլընտրանքային վեկտորների ընտրությանը։ Դրա փոխարեն երկրի բնակչությանն ու շարքայի քաղաքացուն Արևմուտքի հետ դաշնակցային համագործակցության մասին բազմաթիվ հռչակագրեր են հրամցնում», - նշել է Ֆադեևը։

«Նման աղմկոտ ազդարարումներ հնչեցնելուց առաջ լավ կլիներ ծանոթանալ հայ-ռուսական հարաբերությունների իրավական բազայի հետ, որտեղ հստակորեն նշված է, թե ով, ում և որքան է պարտք», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Ալեքսեյ Ֆադեևի խոսքով՝ Մոսկվային դուր չեն գալիս նաև «Երևանի և Կիևի վարչակազմի ցուցադրական սիրահետումները»։

«Եթե Երևանում ցանկանում են հասնել նրան, որ իրենց շահերը հաշվի առնվեն, այդ դեպքում Մոսկվայի մոտ ինչո՞ւ պետք է նույնատիպ հարցադրումներ ի հայտ չգան՝ ուղղված հայ գործընկերներին», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրենը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար: Տնտեսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ էր պնդել՝ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվում