Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այսօր խորհրդարանում հանդիպեց իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներին։
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ օրակարգով է եկել, ինչ հարցեր են մտահոգում։ Հանդիպումից մանրամասներ պատմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Բնականաբար մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Դե խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը, կանանց նկատմամբ բռնություններ, իրավահավասարություն, հանդուրժողականություն ներքին և Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրման հետ կապված այստեղ խնդիրներ տեղահանված անձանց», - ասաց նա։
Եվրոպացի պաշտոնյայի օրակարգում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, չկային հարցեր, որ ուղիղ մարդու իրավունքների ոտնահարման մասին էին. «Հիմնականում չորս թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց և ընդհանրապես Եվրախորհրդի մոտեցումները և մեր հարաբերությունները Եվրախորհրդի հետ։
Ես այն անձանցից եմ եղել, որ եղել է այդ հինգ չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, գիտեք քաղբանտարկյալներ տերմինը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն է տվել, և հինգ չափանիշներ կան։ Եվ ես ասացի՝ կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավելի քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ այսօր ոչ միայն իրենց անգամ խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ մտքի ենթադրյալ»։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը մարդու իրավունքների հանձնակատարին պատմել են, որ Հայաստանում տասնյակ մարդիկ ճաղերի հետևում են խոսքի ու մտքի համար, նշել, որ վարչապետ Փաշինյանի թիրախում է Հայ Առաքելական եկեղեցին, Սահմանադրությունը անտեսելով՝ գործադիրի ղեկավարը միջամտում է եկեղեցու ինքնավարությանը, բանտարկում հոգևորականներին:
Արդյո՞ք մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստվում է տեսակցել այն մարդկանց, որոնք, ընդդիմության պնդմամբ, քաղաքական բանտարկյալներ են։ «Ազատության» այս հարցին չարձագանքեց Մայքլ Օ՛Ֆլահերթին։
Իսկ իշխանական պատգամավորներն ինչպե՞ս են արձագանքել, փորձե՞լ են հակադրվել ու հերքել ընդդիմության պնդումները, որ կարծիքի համար իշխանության հակառակորդները ազատությունից զրկվում են։
«Ասացին՝ դե ընդդիմության տեսակետն է, ժամանակ չկար, հանձնակատարն ասաց՝ ժամանակ չկա», - նշեց Ռուստամյանը:
Իշխանականներից հանդիպմանը մասնակցած Արուսյակ Ջուլհակյանին փորձեցինք լսել։ Նա ասաց, որ զբաղված է ու հարցերին չի կարող պատասխանել։ Վլադիմիր Վարդանյանն էլ նիստի էր շտապում ու հրաժարվեց խոսել։ Իշխող ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանը, որ Մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել էր որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ասաց՝ ընդդիմության բարձրացրած հարցերը չեն քննարկել։
«Մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք խոսակցություններ ենք ունեցել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների մասով, և այդ մասով նաև ինչը գտնվում է մեր տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում», - նշեց Բաքոյանը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպումներին զուգահեռ խորհրդարանից դուրս բողոքի ակցիա էր։
Քաղաքացիները, հոգևորականները, նախկին պատգամավորներն ու արցախցի նախկին պաշտոնյաները «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով հավաքվել էին Ազգային ժողովի մոտ։
«Մեր կոչն է, որպեսզի երկակի ստանդարտներով չառաջնորդվեն, հստակ գնահատական տան այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում, աչք չփակել, խուլ, համր չձևանան», - իրենց պահանջը ներկայացրին ակցիայի մասնակիցները։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ եղել է նաև ԵԽԽՎ պատվիրակության կազմում, դիմեց Մայքլ Օ՛Ֆլահերթիին. «Այցելե՞լ է արդյոք քրեակատարողական հիմնարկներ՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են պահվում առողջական լրջագույն խնդիրներ ունեցող երկու թեմի առաջնորդ սրբազանները: Ո՛չ, հիշեցնեմ, երբ որ գալիս էին այստեղ այդ կառույցի ներկայացուցիչները, ինձ հետ միասին քրեակատարողական հիմնարկներում անգամ կաթսաների կափարիչներն էին բացում, որ տեսնեին՝ դատապարտյալների կարագի դոզան ապահովվում է, թե չէ»։
Պատգամավորներից առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել էր արտգործնախարար Միրզոյանի հետ։