Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
«Ես՝ Նիկոլ Փաշինյանի հետ, հրավիրել եմ Մարկ Քարնիին՝ որպես հյուր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին», - X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ հավելելով. - «Եվրոպան և Կանադան ավելին են, քան պարզապես համախոհ գործընկերներ. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»։
Երևանյան գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
«Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը», - հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ո՛չ Բաքվից, ո՛չ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։
«Բրյուսելում ակնկալում են, որ Ուկրաինայի նախագահը կընդունի հրավերն ու կժամանի Երևան»,-փոխանցում են «Ազատության» աղբյուրները։
Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Դրանք անցկացվում են տարին երկու անգամ՝ ԵՄ անդամ և ոչ անդամ պետություններում՝
եվրոպական աշխարհամասի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրող թեմաներ քննարկելու համար։ Մինչ այդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան, հաջորդը՝ Երևանից հետո կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։