Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացիկ փուլն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ, ինչպես նաև տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։

Վարչապետն ընդգծել է նաև հայկական ապրանքների արտահանման խթանմանն ուղղված ԵՄ աջակցության և հայ արտադրողների ու արտահանողների տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրերի կարևորությունը։

Կուպմանն, իր հերթին, ողջունել է Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունն ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը նպաստող ոլորտներում։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։

Եվրամիության առաջարկած առևտրային արտոնություններով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն են ստացել եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

TRIPP-ին զուգահեռ` Սյունիքում խոշոր ներդրումներ է անում նաև ԵվրամիությունըԵվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմըԲրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել