Եվրահանձնաժողովը սպառնում է դադարեցնել Վենետիկի Բիենալեի ֆինանսավորումը

Վենետիկի Բիենալեի փառատոնը, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել է՝ պատրաստ է դադարեցնել Վենետիկի Բիենալեի ֆինանսավորումը, եթե կազմակերպիչները չհրաժարվեն արվեստի ցուցահանդեսի այս տարվա փառատոնում Ռուսաստանի տաղավարը վերաբացելու ծրագրից։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի մասնակցությունն արտոնելու որոշումը, - հայտարարել է ԵՄ հանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեգնիեն, հավելելով, - Մշակույթը Եվրոպայում պետք է խթանի և պաշտպանի ժողովրդավարական արժեքները, բաց երկխոսությունը և խոսքի ազատությունը։ Այս արժեքները ներկայումս այսօրվա Ռուսաստանում չեն հարգվում»։

Երկու տարին մեկ անցկացվող ցուցահանդեսում Ռուսաստանի տաղավարը փակվեց 2022-ին՝ Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակումից հետո, ինչը նաև եվրոպական մի շարք խոշոր մշակութային միջոցառումներից ռուս արվեստագետներին դուրս թողնելու պատճառ դարձավ։