Չնայած «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Նարեկ Կարապետյանի հերքմանը, թե՝ ինքը Ռուսաստանի քաղաքացի չի, և բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ երկրի քաղաքացիություն չի ունեցել, այսօր իրավապահները հայտնեցին՝ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ստացել են ոստիկանությունից, ըստ որի՝ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»։
«Նարեկ Կարապետյանը Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը», - նշվել է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔԿ-ն հայտնում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը, Կարապետյանը հերքում էԹե ինչ հիմքով է ոստիկանությունը պնդել, թե Նարեկ Կարապետյանը կեղծ դիմում է ներկայացրել միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ միայն նշելով, թե քննչական ներկայացված հաղորդմանն ավելացնելու ոչինչ չունեն։
Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու հարցը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ առաջինը շրջանառեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը իրավաբանական անձանց ռուսական ռեգիստրից ներբեռնված մի փաստաթուղթ հրապարակեց, որում Նարեկ Կարենի Կարապետյան անուն-ազգանունով անձի դիմաց գրված է՝ Ռուսաստանի քաղաքացի։ Անձնագրային կամ անձը նույնականացնող որևէ այլ տվյալ չկա։ Փաստաթղթի ներքևի հատվածում երևում է, որ այն ռուսական կայքից ներբեռնվել է գրեթե մեկ ամիս առաջ՝ ապրիլի 21-ին։ Այդ օրերին կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացնում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Սիմոնյանը հրապարակված փաստաթղթին կից նաև հարցրել էր՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։
Նարեկ Կարապետյանի պատասխանը չուշացավ։
«Երևի կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք», - ասել է Նարեկ Կարապետյանը։
Ավելի ուշ Ազգային ժողովի նախագահն ու այլ ՔՊ-ականներ պնդեցին, թե ռուսական կայքում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները դարձել են անհասանելի։
Կայքը, սակայն, այժմ հասանելի է, տվյալները, որոնք Ալեն Սիմոնյանը հրապարակել էր՝ նույնպես։ Խորհրդարանի խոսնակը երեկ նաև կարծիք հայտնեց, թե Նարեկ Կարապետյանը պետք է իրավապահների հարցերին պատասխանի։
«Պետք է նաև իրավապահներին բացատրի, բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է ՀՀ պատգամավոր կամ վարչապետ դառնալ և սուտ տեղեկություններ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի, Նարեկ Կարենովիչ, ինձ որևիցե բան բացատրել պետք չէ։ Կխոսեք քննիչի հետ»։
Նարեկ Կարապետյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, Քննչականից չեն հայտնում, իսկ պատգամավորի ընդդիմադիր թեկնածուն, որը նաև Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմաններում առաջնորդում է քարոզարշավը, այսօր դարձյալ կրկնեց՝ ինքը միայն Հայաստանի քաղաքացի է։
«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է։ Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն», - նշել է Նարեկ Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Ընտրական օրենսգրքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք, կամ նրա ներկայացրած փաստաթղթերը կեղծ են։ Թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ։
Իսկ որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման քայլեր ձեռնարկի, պետք է լիազոր մարմնից՝ այսինքն Ներքին գործերի նախարարությունից, դիմում ստանա։
Արդյո՞ք իրավապահները դիմել են Ռուսաստանի համապատասխան կառույցներին, որպեսզի պաշտոնական տեղեկություն ստանան Նարեկ Կարապետյանի՝ այդ երկրի քաղաքացի լինել-չլինելու վերաբերյալ։
Թե Ներքին գործերի նախարարությունից, թե Քննչական կոմիտեից հրաժարվեցին ասել։
Մինչդեռ Նարեկ Կարապետյանը հորդորում է Քննչական կոմիտեին 24 ժամվա ընթացքում հերքել այսօր տարածած հաղորդագրությունը, հակառակ դեպքում, ասաց, որ դատի կտա կառույցին։
Նարեկ Կարապետյանը կրկին պնդեց, որ միայն ՀՀ քաղաքացի է և հայտնեց, որ դիմել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որպեսզի իր՝ ՌԴ քաղաքացի չհանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթ ստանան և հրապարակեն այն։
Նարեկ Կարապետյանը միևնույն ժամանակ չհերքեց, որ ռուսական պետռեգիստրի կայքում նշված ընկերությունը կապ ունի իրենց հետ, որում նա որպես բաժնետեր է նշված։
Նա նշեց, որ այդ փաստաթղթում ներկայացված տվյալներում պարզապես սխալմամբ է իր անվան դիմաց նշված ՌԴ քաղաքացի։ Նրա խոսքով՝ «դա սխալմունք է եղել, որ իմ անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի», և վստահեցրեց, թե ինքը այս տարիների ընթացքում այդ սխալը չի նկատել։