Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիա - Ռուսաստան սահմանի Նարվա-Իվանգորոդ անցակետը, արխիվ

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Մարգուս Ցահքնան: Նրա խոսքով՝ դա պատասխանն է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գործողությունների, որը, պաշտոնական Տալլինի պնդմամբ, կազմակերպել էր պաշտպանական ձեռնարկության հրկիզումը:

«Անցակետերի փակումը կսահմանափակի Էստոնիայի տարածքում թշնամական գործունեություն վարելու Ռուսաստանի հնարավորությունները և կուժեղացնի պատժամիջոցների շրջանցումը կանխելու մեր ջանքերը», - ասել է Ցահքնան՝ հավելելով, որ որոշման մասին ծանուցել են Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի իրենց գործընկերներին:

Էստոնիայի և Ռուսաստանի սահմանին երեք անցակետ կա՝ Նարվա-Իվանգորոդ, Կոյդուլա-Կոնիչինա Գորա և Լուհամաա-Շումիլկինո:

Ավելի վաղ Էստոնիայում ութ Լատվիայի քաղաքացիներ են ձերբակալվել անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ձեռնարկությունը հրդեհելու փորձի կասկածանքով: Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության գլխավոր տնօրեն Մարգո Պալոսոնը հայտարարել է, որ հակահետախուզությունը հաստատել է Ռուսաստանի առնչությունը հրկիզման փորձին, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էստոնիան արգելել է իր տարածքով ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումըՏալլինը Մոսկվային մեղադրում է Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջ