«Ես ինձ դավաճանված եմ զգում իմ երկրի կողմից». Ռոբերտ դե Նիրո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Պետության վիճակի մասին» ուղերձի ընթացքում դեմոկրատներն ու Թրամփի քաղաքականությանը ընդդիմացող ակտիվիստները անցկացրել են հակադարձ միջոցառում։

Մասնակիցներից մեկն էլ հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն էր, որ իր ելույթի ժամանակ ասել է՝ իրեն դավաճանված է զգում սեփական երկրի կողմից։

«Ի վերջո, ես ինձ դավաճանված եմ զգում իմ երկրի կողմից։ Պարտադիր չէ, որ այն լինի կատարյալ, բայց պետք է վերադառնա այն արժեքներին, որոնք մեզ ուժ ու մարդասիրություն են տվել։ Եթե ցանկանում եք, որ մեր առաջնորդները պատասխանատվության ենթարկվեն, եթե հավատարիմ եք Սահմանադրությանը և օրենքի գերակայությանը, եթե ուզում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արժանի լինեն ձեր սիրուն, պատրաստ եղեք միասին դուրս գալ փողոց, և մենք կվերադարձնենք մեր երկիրը»։

Միջոցառումը, որը կոչվում էր «State of the Swamp», ներկայացվում է որպես Թրամփի ուղերձին «ուղիղ հակադարձում»։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ որոշ ակտիվիստներ բեմ էին բարձրացել գորտերի կերպարանքով՝ որպես Թրամփին ընդդիմանալու խորհրդանիշ։ Կազմակերպիչները նշել են, որ այդ հանդերձանքները խորհրդանշում են խաղաղ դիմադրություն ու քաղաքացիական մասնակցություն։