«Ես արդարության հետևից գնացի». գանձաքարցու բողոքը և վարչապետի կտրուկ արձագանքը

Արդարության փնտրտուքով Իջևանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած գանձաքարցի Անդրանիկ Դովլաթբեկյանը վիրավորված է: Երեկ նա Տավուշի մարզկենտրոնում մոտեցել էր կուսակիցների հետ այսպես կոչված ներկուսակցական քարոզի շրջանակներում մարզերում շրջող վարչապետին, փորձել պատմել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնի նշանակումների մասին:

«Պարոն Փաշինյանն, ինձ լավ չհասկացավ երևի ու ճիշտ չարձագանքեց: Վիրավորված եմ շատ-շատ»:

Գանձաքարի մանկապարտեզի տասներեք տարվա մեթոդիստ դստեր փոխարեն տնօրեն է նշանակվել շախմատի ուսուցչուհին, ում միակ առավելությունը, ըստ բնակչի, Տավուշի մարզպետի հետ բարեկամական կապն է։

Սկզբում ամեն ինչ հանդարտ էր. իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը հիշեցնում էր օրենքը, թե վարչապետը մանկապարտեզների հարցում լիազորություն չունի: Բայց հենց հնչեց մարզպետ Հայկ Ղալումյանի անունն ու նրա հետ բարեկամական կապի ակնարկը, Նիկոլ Փաշինյանի հանդարտությունը փոխվեց բուռն զայրույթի։ Նախքան կստուգեր հնարավոր հովանավորչության մասին ահազանգը, երկրի ղեկավարը նախընտրեց լռեցնել բողոքողին՝ կտրուկ հրահանգով իր ենթականերին, թե՝ արգելեք քաղաքացու դստերը երբևէ տնօրեն դառնալ։

«21-րդ դարն ա, մանկապարտեզի տնօրենին պապան գալիս ա վարչապետին ասում ա, որ իմ աղջկան գործի... չնշանակեք, արգելում եմ, էս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն», - ասել է Փաշինյանը

Գանձաքարի բնակիչը հենց մարզպետի երեսին էր ասում՝ նորանշանակ տնօրենը Հայկ Ղալումյանի ընտանիքի մտերիմն է. «Նենց ա բարեկամ, որ Ձեր տանն ա մեծացել»:

Այսօր էլ վարչապետից վիրավորված գանձաքարցի Անդրանիկ Դովլաթբեկյանը պնդեց՝ նորանշանակ տնօրենի ու մարզպետի բարեկամական կապը. «Փաշինյանին շատ հարգում եմ, շատ ընդունում եմ, իմանալով, որ ինքը արդար մարդ ա, արդար կդատի, ես արդարության հետևից գնացի, պարզվում ա՝ էդքան էլ տենց չէր, ես էլ ոչ մի բան չունեմ ասելու»:

Թեև մրցույթում երկուսն էլ հավասար միավորներ էին ստացել, համայնքապետի համար ավելի նախընտրելի թեկնածուն հենց մարզպետի մտերիմն է եղել։

«Կոռուպցիա չեմ կարա ասեմ՝ տեսել եմ, թե չէ, ես արդարության համար էի գնացել, էն էլ.... թող վայելեն», - նշեց Անդրանիկ Դովլաթբեկյանը:

Մինչդեռ մանկապարտեզում այսօր ավելի հանդարտ մթնոլորտ էր: Երկու նախկին մրցակիցները՝ պաշտոնը կորցրած Ալլա Դովլաթբեկյանն ու մարզպետի հետ կապը հերքող Արմինե Հարությունյանը, փաստաթղթեր էին հանձնում-ընդունում։
Նրանք խուսափեցին տեսախցիկներից ու պնդեցին, թե թեման հարթված է, այս մասին խոսել չեն ուզում: Ասացին, թե տնօրենի պաշտոնում չնշանակված Դովլաթբեկյանը կմնա տեղակալի պաշտոնում:

Գանձաքարի բնակիչները ևս լռության կողմնակից են. մարդիկ նախընտրում են չխոսել ոչ քաղաքականությունից, ոչ առաջիկա ընտրություններից, ոչ էլ արդարությունից: Արդյոք երեկվա լռեցված բողոքի ձայնն էր, թե՞ դրա համար այլ պատճառներ կան, չէին մանրամասնում, պարզապես հեռանում, կամ դռներն էին փակում: