«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն այսօր էլ հերքեց, որ ռուսական հատուկ ծառայության աշխատակից է:
«Ես, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-շնիկ չեմ տեսել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Ռուսական The Insider կայքն էր փաստաթուղթ հրապարակել, ըստ որի՝ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տեղեկատվական կենտրոն»: Իշխանությունն այս տեղեկությունն ակտիվորեն տարածում է: Չնայած Կարապետյանը տեղեկությունը հերքեց, բայց էլի չհստակեցրեց՝ արդյո՞ք դատի տալու է:
«Փաստաբաններն ամեն ինչ կանեն»,- ասաց Կարապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնումԾրագիր ունենք՝ ծառայությունը հասցնել մեկ տարվա. Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն այսր հայտարարեց, որ ծրագիր ունեն՝ զարգացնելով, վերազինելով բանակը՝ ժամկետային ծառայությունը հասցնեն մեկ տարվա:
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում հասնելու ենք դրան»,- պատասխանելով իշխանությունից հնչող հայտարարություններին, թե իշխանության գալու դեպքում Կարապետյանի թիմը ժամկետային զինծառայությունը կրկին 2 տարի է մտադիր դարձնել, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքումԱրձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը երաշխավորում է՝ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի, Սամվել Կարապետյանն ասաց. «Ինչո՞վ է երաշխավորում. ինքը երաշխավորեց Արցախին, տեսանք՝ ինչ եղավ Արցախի հետ, հրաժարվեց Արցախից, 2020-ից հետո Հայաստանի իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում, իրենք ունեն շեֆ, շեֆն ինչ որոշվում է, դա իրագործում է, իրենք մեր երկիրը հայաթափելու գործիքներ են»:
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալու դեպքում ընդունած առաջին օրենքով կանխելու են ադրբեջանցիների հնարավորությունները Հայաստանի տարածքում, որ «չկարողանան գույք ունենալ Հայաստանում»:
Ըստ Կարապետյանի՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում ընտրություններից հետո «շատ սյուրպրիզներ» կլինեն՝ «մենք մեր հողերը կնվիրենք ադրբեջանցիներին»,- պնդեց Սամվել Կարապետյանը:
Արժե՞ մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը
«Մենք չենք փոխում Սահմանդրությունը, մենք փոխում ենք Սահմանադրության մեկ հոդված, որը ԱԺ-ով՝ մեկ քվեարկումով, փոխվում է: Դա չի արվում ինձ համար, դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից՝ վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից, իրենք փակել են երկիրն ամբողջ սփյուռքի առաջ: Դրանից կարող են օգտվել բոլորը՝ կարող են դառնալ նախարարներ»,- Սամվել Կարապետյանն այսօր այսպես պատասխանեց քննադատությանը, թե արժե՞ մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը:
Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ին իշխանություն հենց իրենք են լինելու: Եվ չնայած սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող լինել, հայտարարում են՝ հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է:
«Ուժեղ Հայաստանի» ղեկավարի խոսքով՝ այն ՔՊ-ականները, որոնք զբաղեցնում են պաշտոններ, «ունեն մաքուր ձեռքեր, պրոֆեսիոնալ են, բոլորն աշխատելու են, միգուցե՝ ավելի լավ պաշտոններում»:
«Ընդամենը 4.5 մարդ է մնացել, ով տանում է երկիրը կործանման: Փոքրիկ խմբակը շատ է փոքրացել, մինչև հասնենք ընտրության, հույս ունեմ կմնա միայն Փաշինյանը»,- ասաց Կարապետյանը:
Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի
Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա «իշխանության ներքին ցնցումների արդյունք» է համարում, որովհետև, ինչպես հայտարարեց, մարզերում շրջագայելով տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, «հույսը դրել են ճնշումների վրա, բայց դա նրանց չի օգնելու»:
Առանց երաշխավորների խաղաղություն չի լինի. Կարապետյան
Մենք այս նվաստացած վիճակից շատ արագ ենք դուրս գալու, առանց երաշխավորների հայ-ադրբեջանական խաղաղություն չի լինի, հայտարարում է Սամվել Կարապետյանը:
«Մի օր Ալիևը զարթնեց ու հիշեց «Գյոկչայի» մասին, ի՞նչ ենք անելու, հավատալո՞ւ ենք Փաշինյանի երդումներին: Խաղաղության մեր բանաձևն ուժեղ դիվանագիտությունն է: Վերականգնել մեր հարաբերությունը մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունը մյուս գերտերությունների հետ: Պետք է ունենանք վստահելի հարաբերություններ, փոքր երկիր ենք»,- ասաց Կարապետյանը:
Ընդդիմադիր ուժի առաջնորդը նշեց, թե լինելու են կոնկրետ պայմանագրեր, որտեղ պետությունները երաշխավորելու են Հայաստանի անվտանգությունը:
Պետությունների անուններ չտալով՝ Կարապետյանն ասաց՝ հասկանում են՝ որ պետությունը, չեն ուզում բարձրաձայնել, տարածաշրջանային կարևոր պետություններ են լինելու:
«Եթե ԱՄՆ-ը կուզի ինքն էլ բարձրանա երաշխավորի աստիճանի, մենք միայն ուրախ կլինենք, նույնը՝ ԵՄ-ն: Մենք չենք թողնելու երկիրը Փաշինյանի ու Ալիևի հույսին:
Այսօրվա իշխանությունը, ըստ Սամվել Կարապետյանի, ամեն մի կողմից մյուսն է թռչում՝ իշխանությունը պահելու, Ալիևի նարատիվները Հայաստան մտցնելու համար»,- ասաց Կարապետյանը:
«Ուսումնասիրելու ենք՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահեց»
Իշխանության գալու դեպքում Կարապետյանի թիմը շարունակելո՞ւ է ՀԱՊԿ-ից դուրս գալու պրոցեսը: Հայաստան ներխուժման ժամանակ չձեռնարկվեց որևէ քայլ՝ անդամ պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Դուրս գալու պրոցե՞սն է շարունակելու, թե՞ կվերականգնի կապը, հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահեց: Եթե տեսանք՝ անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու, բայց եթե այս իշխանությունը գիտի, որ անիմաստ կազմակերպություն է, ինչո՞ւ դուրս չեն գալիս, ուրեմն պատճառ կա: Միգուցե իրենք չե՞ն կարողանում համագործակցել, Ալիևն ու Էրդողանը թույլ չեն տալիս համագործակցել: Վաղը դուրս ենք գալիս, իսկ փոխարինողն ո՞վ է, Մակրոնն էստեղ էր, կարո՞ղ էր մի սիրուն պայմանագիր ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում: Թող Ամերիկայի հետ ստորագրի: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ ունենք ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր: Դուրս ենք գալիս, մնում ենք Ալիևի երաշխավորության տակ: Մյուս պետությունների մասով վստահ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մեր երկրի համար ճակատագրական քայլեր էմոցիաների տակ չենք անելու»,- հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Հայաստանը տևական ժամանակ դժգոհում էր, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ 2022-ին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ, նաև որ 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անգործություն են ցուցաբերել: