Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին, այլ տարբերակ բացառված է. վարչապետ

Հայկական երկաթուղու կառավարման հետ կապված այն ինչ հայտարարել է պաշտոնական Երևանը, չի պատրաստվում մոտեցումը վերանայել, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելի վաղ էլ հայտնել էր՝ Հայաստանը չի հրաժարվել հայկական երկաթուղու կառավարման իրավունքը ռուսական կողմից վերցնելու օրակարգից, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ «Ազատությանն» ասել էր, որ Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում:

«Սկսել ենք պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները: Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով.- «Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում՝ մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը: Չի կարող այդպիսի բան լինել»:

Վարչապետ Փաշինյանը վերստին հայտարարեց՝ մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք:

«Բոլոր պրոցեսներում «Հարավկովկասյան երկաթուղիները» ներգրավված են, այսինքն՝ իրենք տեղյակ են պրոցեսներից՝ ինչ է տեղի ունենում: Ես կարող եմ վճռականորեն ասել մի բան, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել, բացառված է այլ տարբերակ: Մենք չենք կարող ասել՝ մեր երկաթուղին է, բայց ոչինչ, թող տենց փակուղի էլ մնա, չի կարող այդպիսի բան լինել»,- «Ազատության» հարցին ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը դեռ փետրվարին էր հրապարակային հայտարարել հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր երկաթուղին չենք կարող թողնել՝ մնա մետաղի ջարդոն. վարչապետՀայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Գրիգորյան«Երկաթուղին նորոգելու ենք», - ասում է վարչապետը. ըստ նախարարների՝ ռուսների հետ քննարկումները շարունակվում են