Երևանյան փոսերը չհաղթահարած քաղաքապետարանը խոստանում է հայտարարել Աջափնյակ մետրոյի շինարարության մրցույթը

Անվադողեր նորոգող վարպետը շնորհակալ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քաղաքապետարանի անգործության հետևանքով իր հաճախորդները մի քանի անգամ ավելացել են, ասում է «Ազատության» զրուցակիցը:

«Շատացել է գործը, հիմնականում փոսերի խնդիրն է», - նշում է նա:

Խրամատներ հիշեցնող երևանյան փոսերում հաճախ անվադողերը չեն դիմանում, պայթում են: Իսկ սա արդեն մի քանի հազար դրամի պատմություն չէ, ըստ վարպետի՝ 20-100 հազար դրամ, նույնիսկ ավելին կարող են արժենալ:

Օրեր առաջ, օրինակ, մայրաքաղաքի փոսերից մեկն ընկած մի վարորդի համար հարյուր հազար դրամի գործ էր բացվել:

Իսկ ո՞վ պետք է հատուցի անմխիթար ճանապարհներով երթևեկող վարորդների ֆինանսական վնասը, ի՞նչ լուծում են առաջարկում նրանց. քաղաքապետարանն այդպիսի լուծում չունի, լրագրողներին այսօր ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որ փոսալցման թեմայով ասուլիս էր հրավիրել. «Չունի քաղաքապետարանը նման ընթացակարգ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քայքայված ասֆալտն ու վարորդների նյարդերը. Երևանի փողոցները կրկին փոսերի մեջ են

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Երեւանի ճանապարհները խրամատների են վերածվել: Քաղաքապետը մի քանի օր առաջ պարզաբանեց՝ առատ ձյան դեմ առաջ աղով են պայքարել, ասֆալտը քայքայվել է: Փոխքաղաքապետն այսօր ուղիղ մեղադրեց՝ քայքայվածն էլ նախկինում արված ասֆալտն է. «Փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել, և մենք դա հատուկ վերջին շրջանում մոնիթորինգ ենք իրականացրել այն հատվածներում, որտեղ փոսալցումներ ենք իրականացրել»:

Փոխքաղաքապետի պատասխաններից ստացվում էր, որ պատճառները քաղաքապետարանից դուրս են: Օրինակ՝ ասֆալտի գործարանները նախատեսում են վերազինվել փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ, որ եղանակային պայմանները բարելավվեն, ու սկսեն աշխատել: Ու քանի որ այս տարի էլ ձյունն առատ էր, ըստ փոխքաղաքապետի՝ ֆորսմաժորային վիճակ է ստեղծվել:

«Ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը, աշխատեցնել, որտեղ մյուս շինարարներն իրենից օգտվում են ասֆալտ գնելով, և 2 օր առաջ երկրորդ գործարանն է սկսել գործել, ներկա պահին իրականացրել ենք մոտ 10 հազար քառակուսի մետր, բայց մեր բյուջեում նախատեսված է 200 հազար, այսինքն՝ մենք դեռ շատ ունենք, և փոսալցումն ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսված», - ասաց Արմեն Փամբուխչյանը:

Մայրաքաղաքային անմխիթար ճանապարհների աղմուկը սկսվեց բլոգերներից ու լրատվամիջոցներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի փոսերը «թանկ են նստում» վարորդների վրա

Քաղաքացիները ակցիաներ սկսեցին, սեփական նախաձեռնությամբ փոսերը փակում ու ցույց էին տալիս, որ դա լուծվող հարց է: Լրատվամիջոցները պատմեցին՝ ինչպես են հաղթահարում վարորդները մայրաքաղաքի բանուկ ճանապարհները: Իսկ ի՞նչ են անում վարչական շրջանների ղեկավարները, փոխքաղաքապետն ասում է. «Եվս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու ինքներս այդ փոսերը տեսել ենք, խորհրդակցություն ենք անցկացրել, թե երբ կարող ենք սկսել այդ աշխատանքները: Եվ երբ մենք պատկերացրել ենք, խնդրել ենք, որ գործարան բացվի, որպեսզի ասֆալտ լինի, և մենք կարողանանք թեկուզ տեղային լուծումներ անել»:

Փոխքաղաքապետը ընդունում է, որ թերացումներ ունեն՝ ինչպես բոլորը, բայց նրա պատճառաբանություններից ստացվում է, որ ոչ մի փոս իրենց պատճառով չէ: Ճանապարհային փոսերի հարցն ամբողջությամբ չլուծած քաղաքապետարանը խոստանում է մյուս տարի հայտարարել Աջափնյակ մետրոյի շինարարության մրցույթը. «Ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվանից կսկսենք շինարարության մրցույթը»: