Երևանն արձագանքեց Բաքվին. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության ջանքերին

Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2025թ.

Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա, ընդգծում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ երեկվա հայտարարությանը:

«Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին», - հայտարարել է խոսնակը «Ազատության» հարցմանն ի պատասխան:

Անի Բադալյանը հավելում է, որ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը»:

Հատկանշական է, նշում է ԱԳՆ խոսնակը, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։

Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը, ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարեց, թե դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, և Երևանից ու Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուր չեկած ձևակերպումների հեռացում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հայտարարում է՝ ԵՄ-Հայաստան փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգինԿայա Կալլաս. Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն ՀայաստանինՄիրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները«Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին». ԿոսԻ՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ ԲրյուսելիցԵրևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին