Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց ձերբակալվել են վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երեք քաղաքացի է բերման ենթարկվել: Նրանցից մեկը այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուս երկուսի ինքնությունը հայտնի չէ:

ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:

«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», - փոխանցեց նա:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, հավելեց Սարգսյանը:

Եկեղեցում այսօր միջադեպ գրանցվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ: Պատարագը դեռ չէր ավարտվել:

Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:

«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին