Երևանի մանկապարտեզների աշխատավարձերի բարձրացումը ընդդիմությունը որակեց «սիրաշահելու» եղանակ

Ինչո՞ւ եք մանկապարտեզների աշխատակիցիների աշխատավարձը հենց ընտրություններից 3 ամիս առաջ 15-20 տոկոսով բարձրացնում, ոչ թե ավելի շուտ, Երևանի ավագանու ընդդիմադիրները հետաքրքրվեցին քաղաքապետից: Տիգրան Ավինյանը դեռ փետրվարին էր այս բարձրացումների մասին իր ֆեյսբուքյան էջով հայտարարել, իսկ այսօր ավագանին ընդունեց նախագիծը:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը սա քաղաքական որոշում որակեց. «Առջևում ընտրություններ կան, և որպեսզի այդ մարդկանց սիրաշահեք կամ գրավեք, սա ձեզ թելադրվել է, որպեսզի բարձրացվի ու շատ սիմվոլիկ ամսում՝ մայիսի աշխատավարձը այդ մարդիկ ստանալու են հունիսի 3-5-ին և հունիսի 7-ին գնալու են ընտրության: Կարող էր բարձրանալ հունվարի 1-ից և չկապվեր ընտրությունների հետ»:

«Հասկանում եմ, թե ուր եք ուզում հարցը տանել»,- ասաց Ավինյանն ու ընդգծեց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը 15-31 տոկոսով բարձրացրել էին նաև 2024-ին: Իսկ 2023-ին երաժշտական և արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացվել:

Բայց այսօրվա որոշման պատճառներից մեկն, ըստ քաղաքապետի, առողջության ապահովագրությունն է. «Այս աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալու շատ և շատ մեր մանկապարտեզների աշխատակիցների 200 հազար դրամի շեմն անցկացնել և այս մարդկանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակներում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4.6 միլիարդ դրամ պարգևավճար. փորձագետը սրա մեջ ընտրություններին ընդառաջ ռիսկեր է տեսնում

Ընդդիմադիր Արմենակ Դալլաքյանն ինքն էր դեռ նախորդ տարեվերջին Ավինյանին դիմել, որ մանկապարտեզների և պոլիկլինիկաների աշխատակիցիների աշխատավարձը բարձրացվեն, ասաց՝ գրավոր մերժվել է:

«Դրա համար եմ ասում՝ սա ձեզ թելադրված որոշում էր և ձեր քաղաքական ղեկավարի կողմից, որպեսզի ընտրություններից առաջ մարդկանց սիրաշահեք, աշխատավարձ բարձրացնեք, ինչպես բարձրացվեցին թոշակներն ընտրություններից առաջ», - ասաց նա:

Ավինյանն ու ավագանու իշխանական անդամներն ընդդիմադիրներին թվերով էին հակադարձում՝ եռապատկել են քաղաքապետարանի սեփական բյուջեն, դրանով էլ այս ծախսերն են անում:

«Թանկացումներով մտել եք մարդկանց գրպանը՝ գույքահարկ, կարմիր գծեր, աղբահանություն ու այդպես եռապատկել բյուջեն»,- հայտարարեցին ընդդիմադիրները:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձեց. «Դուք ժողովրդին չեք ճանաչում, որովհետև ձեզ թվում է, որ հայ հասարակությունը դեռ չի հասկանում, որ ինքը հարկ է վճարում, որ այդ հարկով երկրում կամ քաղաքում որևէ բարիք ստեղծվի: Դուք մնացել եք երկու հազարականների մթնոլորտում, երբ 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանելով մարդկանց ձայն էին առնում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն ընդունեց կենսաթոշակների բարձրացման նախագիծը. Ֆիննախը ռիսկեր էր տեսել

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները մանկապարտեզների աշխատակցիների աշխատավարձերի բարձրացման ֆոնին իշխանականներին հիշեցրին՝ «ասում էիք՝ նախկինների օրոք 70 մանկապարտեզ է օտարվել, քանի՞սն եք հետ բերել», հարցրեց ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանը. «Պոպուլիզմն անցել է, 8 տարի դուք եք իշխանության, մյուս անգամ չփորձեք այդ դաշտը մտնել, որ մանկապարտեզները օտարել է, գնացեք, հետ բերեք: Կարողանում եք մեկ օրվա մեջ յեքա կառույց խլել, մանկապարտեզ չե՞ք կարում»:

Շուրջ 8 ժամ տևած նիստի ընթացքում ընդդիմադիրներն իշխանականներին քննադատեցին, հիշեցրին չիրականացրած խոստումների մասին, արված աշխատանքի որակից դժգոհեցին:

Իշխանականներն էլ գրազ եկան, որ հունիսին ՔՊ-ն նորից հաղթելու է, իսկ Ավինյանն ընդդիմադիրներին պարբերաբար խավարի մարտիկներ էր կոչում: