Երևանի ավագանու նիստում օրակարգի 20 հարցից միայն մեկն էր զեկուցվող

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարում է ավագանու նիստը, արխիվ

«Ինչո՞ւ է օրակարգի 20 հարցից ընդամենը մեկը զեկուցվող», - հարցնում են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ու դժգոհում՝ այդ մեկ հարցն էլ 250 էջ է, հինգ օրում ինչպե՞ս ուսումնասիրեն:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ ընդդիմադիրներին կոչ արեց չբացակայել հանձնաժողովների նիստերից, ասաց՝ այնտեղ են այս հարցերը քննարկվում, հետո բերվում քվեարկության: Պնդեց, թե ընդդիմադիրների ժամանակն են խնայում, որ, օրինակ, ժամերով չթվարկեն՝ երաժշտական 24 դպրոցներին 71 գործիք են նվիրել և այլն:

«Եթե տեսնում եք, որ բովանդակային հարցին ավելի շատ ծանոթանալու ժամանակի կարիք ունեք, խնդրում եմ էդ տեսնելը արտահայտեք հանձնաժողովի նիստին, և հանձնաժողովի նիստին բացասական եթե դնեք ու, իրականում տեսել եք՝ հիմնականում բոլոր բացասական բոլոր նախագծերը, եթե իրենք հիմնավոր բացասական են ստանում հանձնաժողովի նիստից, ես հանում եմ», - հայտարարեց Ավինյանը:

Ընդդիմադիր Իզաբելլա Աբգարյանը հորդորեց չխնայել իրենց ժամանակը, ասաց՝ ավագանու նիստերը հենց քննարկումների համար են, ոչ թե որ արագ գան, ծրագրերը լուռ դակեն ու գնան:

«Ինչո՞ւ է փաստաթուղթը ուղարկվում մեզ ուրբաթ օրը: Կարող եք սա էլ չզեկուցվող դարձնեք, էլ ինչ մի ձևի համար մի հատ հարց զեկուցվող եք դարձնո՞ւմ: Այս արատավոր պրակտիկան ես համարում եմ արժեզրկում ավագանու ինստիտուտի», - ընդգծեց Աբգարյանը:

Իսկ քննարկվող միակ՝ 250 էջանոց փաստաթուղթը կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրն էր: Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի ներկայացմամբ՝ այն հնարավորություն է տալու մի շարք բնապահպանական ծրագրերի իրականացման համար, օրինակ, օգտվել կանաչ դրամաշնորհային ծրագրերից:

«Օրինակ՝ Դալմայի այգիների հիմնումը իրենից ներկայացնում է բավականին խոշորածավալ, ներդրում պահանջող ծրագիր, և եթե մենք այս փաստաթուղթը ավագանու որոշմամբ ընդունենք, ապա հնարավորություն կունենանք դիմել դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար», - ասաց Հայկազյանը:

«Ներկայացված ծրագիրը ոչինչ է, եթե աղբի մշակման գործարան կառուցելու մասին ոչ մի տող չկա», - ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանի գնահատականն էր:

Պաշտոնյան հակադարձեց՝ այդ մասին ավելի վաղ է խոսվել՝ մրցույթ է հայտարարվել, դիմումների վերջնաժամկետն էլ մարտի 27-ն է. - «Ազգային մակարդակում դա հինգ սանիտարական աղբավայրերի հիմնումն է Հայաստանում, որոնցից կենտրոնականը՝ Երևանի, և Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն աղբի վերամշակման գործարանի երկփուլ մրցույթի իրականացումն է, որը այս պահին ընթացքի մեջ է: Եվ սա նույնպես արտացոլված է այստեղ»:

Մեսրոպյանը հեգնեց Ավինյանին՝ ասելով, թե քաղաքապետարանի կառուցած մետրոյի Աջափնյակի կանգառ է հասել ու նաև ճոպանուղուց օգտվել. - «Ճոպանուղով է մեկ-մեկ բարձրանում եմ Մարաշ, հետ եմ իջնում»: Այս երկու ծրագրերն էլ քաղաքային իշխանության չիրականացված խոստումներից են:

Նիստում նաև իշխանական խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ներկայացնելով նախկինների օրոք ապօրինի օտարված գույքի վերաբերյալ հաշվետվություն, ասաց՝ օտարվել են նաև հարյուրավոր մանկապարտեզների շենքեր:

«Եվ գովաբանում եք էդ տարվա իշխանությանը, որ բացի մանկապարտեզներ վաճառելուց գործարաններ են վաճառել, երկաթգիծն են վաճառել, է՞լ ինչ եք ուզում թվարկեմ», - ասաց Գալջյանը:

Այստեղ դարձյալ Մանուկ Մեսրոպյանը հակադարձեց. - «Էդ 70 մանկապարտեզներից ութ տարվա մեջ մի հատ խի՞ հետ չեք բերել: Չեմ տեսել ստեղ ինձանից բացի մեկը որ խոսացած լինի մանկապարտեզների թեմայից: Բռնեք, դատեք, հետ բերեք, ու առաջինն էլ կգնաք Նիկոլ Փաշինյանի քավորի մանկապարտեզը հետ կբերեք, չնայած օբյեկտիվության տեսակետից որ լինենք՝ միակ և եզակիներից է, որ հիմի էլ է մանկապարտեզ ծառայում, թե կրթական մշակույթի համար է ծառայում»:

Ընդդիմադիր ավագանու անդամը նաև հայտարարեց՝ առաջիկայում նոր շարք է սկսելու, որ հերթով ներկայացնի Ավինյանի ղեկավարման ընթացքում օդում մնացած խոստումները: Քաղաքապետը հակադարձեց՝ այն, ինչ իր օրոք է արվել, նախորդ 30 տարիներին ոչ մի քաղաքապետ չի արել:

«Վերջին իրեքուկես տարում 60 հեկտար կանաչ տարածքներ ա ստեղծել: Ի՞նչը լավ էլի, ի՞նչը լավ էլի, այ ձեր ցավը տանեմ: Դրան նախորդող 22 տարիներին ձեր հետ աֆիլացված իշխանությունները դրանից պակաս են ստեղծել, կանաչ տարածքները նվազել են էդ ընթացքում», - հայտարարեց Ավինյանը՝ շարունակելով. - «Ջղաձգումները հասկանում եմ ինչից ա, ես նույնիսկ ուրախ եմ, որ էս կասկածամտությունը օդում կա: Ընդդիմությունը ինչքան Աջափնյակի մետրոյի հարցը բարձրաձայնի, ինչքան էս խոշոր ծրագրերից խոսա, ինչքան ասի, որ չի լինելու, միմիայն ուրախ եմ, որովհետև էն օրվանից, որ սկսեց էդ մետրոյի կայարանը կառուցվել, ես ուզում եմ էդ դեմքերը տեսնեմ»:

Նախորդ նիստերին քաղաքապետն առաջարկել էր խցանումների, օդի աղտոտվածության, լուսացույցների ուղղությամբ տարվող աշխատանքներում օգտագործել արհեստական բանականությունը:

Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զառուկյանն այստեղ էլ առաջարկով դիմեց Ավինյանին՝ կես կատակ-կես լուրջ, ի պատասխան՝ նույն առաջարկը հնչեց:

«Այս ամբողջ Երևանի խնդիրները լուծելու համար, չե՞ք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ», - հարցրեց Զառուկյանը:

«Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, պարոն Զառուկյան», - հակադարձեց Ավինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

70 հարկանի երկնաքերներ` Նորագյուղում. իշխանություններն ազդարարում են երևանյան հերթական խոշոր նախագծի մեկնարկըԵրևանի տրանսպորտի բարեփոխումները կավարտվեն 3-5 տարի հետո. ԱվինյանԻշխանությունների մի շարք խոստումներ այս տարի էլ անկատար մնացին«Շատ եք լոճվում». փոխադարձ մեղադրանքներ Երևանի ավագանու տարեվերջյան նիստինԱվինյանն առաջարկում է կանաչապատում Երևանից դուրս. ընդդիմությունը քաղաքում կտրած ծառերն է հիշեցնում Երևանում օդի աղտոտվածությունը մտահոգիչ է մնումԱջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը դեռ չի սկսվում. փողն այլ ծրագրերի է ուղղվում