Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերագործարկել գործարանը։
Խոշոր հարկատու ընկերության աշխատակիցները պնդում են՝ անորոշության մեջ են, իրենց ստացած աշխատավարձով ընտանիքների հոգսերն են հոգում։
Կստանա՞ն հաջորդ ամիս աշխատավարձ, եթե, ինչպես հիմա, շարունակեն հարկադիր պարապուրդի մեջ մնալ՝ չգիտեն։
Զուգահեռ նույն պահանջով ցույցի են դուրս եկել նաև Ծառուկյաններին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Սթոունի» աշխատակիցները։
Անցած շաբաթավերջին այսպիսի ցույցեր են իրականացրել նաև Ծառուկյանին պատկանող ու իրավապահների կողմից կապարակնքված այլ ընկերությունների աշխատակիցներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Արարատցեմենտի» աշխատակիցները հավաքվել են գործարանի դիմաց․ պարզաբանումներ են պահանջումԱրդեն 7 օր է՝ Գագիկ Ծառուկյանի խոշոր բիզնեսները չեն գործում, միայն «Արարատցեմենտ» գործարանում կառավարության միջամտությամբ որոշեցին վերսկսել աշխատանքները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ կալանավորվեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման մեղադրանքով: Մեղադրանքն առնչվում երկու տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որի ծրագիրը տապալվել է:
Իրավապահները պնդում են, թե Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Մինչդեռ Ծառուկյանը պնդում է, որ ի՛նքը պետք է այս գործով տուժող ճանաչվի:
Իրավապահները մինչ այս պահը չեն հստակեցրել, թե ինչ են փնտրում Ծառուկյանի ընկերություններում և ինչ կապ ունեն այդ խուզարկությունները իրանցիների գործարքի հետ: Պարզ չէ նաև, թե որքան կշարունակեն այդ ընկերությունները փակ մնալ:
Ու եթե իրավապահները լռում են, Ծառուկյանին պատկանող երկու ընկերություններում՝ «Արարատցեմենտ»-ում ու «Մուլտի Վելնես» մարզական համալիրում բացահայտած խախտումների մասին հաղորդագրություններ է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:
Ըստ կառույցի՝ ցեմենտի գործարարանում խախտումների հետևանքով ավելի քան 495 միլիոն դրամի վնաս են արձանագրել, «Մուլտի Վելնես»-ում էլ 2023-2024 թվականներին 2.6 միլիարդ դրամի հարկային շրջանառություն են թաքցրել, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն: