Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության

Արխիվային լուսանկար

Երևան- Աշտարակ ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված», - գրառման մեծ ընդգծել է առողջապահության նախարարը։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ևս այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այս ողբերգությանը։ «Չի կարելի անչափահաս երեխային առանց քարսիթի մեքենա նստեցնել»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ Փրկարար ծառայությունն էր հաղորդել, որ հոկտեմբերի 24-ին Երևան- Աշտարակ ավտոճանապարհին բախվել էին «Օպել»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ երկու մարդ տեղում զոհվել էր, կային տուժածներ։ Ավելի ուշ լրատվամիջոցները փոխանցեցին, որ զոհված երկու քաղաքացիները հիվանդանոց տեղափոխված երեխաների հայրն ու մայրն են։

Պաշտոնական թվերով՝ նախորդ տարի Հայաստանում գրանցվել է 4 հազար 784 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 283 մարդ։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2024-ի համեմատ վթարների թիվն աճել է 10.9 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 50-ով՝ 333-ից հասնելով 283-ի:

Փորձագետները վթարների թվի աճի տարբեր պատճառներ են նշում՝ ընդգծելով, սակայն, որ ճանապարհների նորոգումն ու կառուցումը կամ վարորդներին պատժելը հարցի լուծում չէ, քանի դեռ հին և նոր ճանապարհներին անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքի հարցը մնում է բաց։