Անկարան մտադիր է Մոսկվային վերադարձնել ձեռք բերած S-400-ները

Ռուսական օդանավը Թուրքիա է հասցրել S-400 համակարգի բաղադրիչները, օգոստոս, 2019թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է վերադարձնել Ռուսաստանից նախկինում ձեռք բերված S-400 համակարգերը՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները սերտացնելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ ամերիկյան գործակալության՝ Թուրքիայի առաջնորդը «բարձրացրել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ»։

Bloomberg-ը գրում է, որ այս քայլը կարող է թույլ տալ Թուրքիային, մասնավորապես, «զգալիորեն բարելավել» հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ։ Ըստ գործակալության աղբյուրների, Անկարան «նաև ձգտում է վերադարձնել այդ համակարգերի գնման վրա ծախսված միլիարդավոր դոլարները»՝ Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների զեղչի տեսքով։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Անկարան «պետք է հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար»։

2020 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Անկարայի հանդեպ և դուրս թողեց Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից, երբ ՆԱՏՕ-ում դաշնակից երկիրը որոշեց գնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը կարող է առաջիկա ամիսներին Անկարային թույլ տալ վերստին միանալ F-35-երի ծրագրին. դեսպան