«Զանգեզուրի միջանցքի բացումը տարածաշրջանում երկաթուղային և ցամաքային ճանապարհներով ակտիվ շարժի կհանգեցնի», - Չինաստանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ «խաղաղության հաստատմամբ կբացվեն սահմանային դարպասները և շատ ասպարեզներում՝մասնավորաբար առևտրում դրական զարգացումներ կարձանագրվեն»։
Էրդողանը նաև նշել է, որ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը արագացրել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Երկու երկրները խաղաղության ճանապարհի բազմաթիվ խոչընդոտներ են հաղթահարել և այժմ մոտեցել են գործընթացի ավարտական փուլին», - պնդել է Թուրքիայի նախագահը։
Նա վստահեցրել է, որ տարածաշրջանի մյուս պետությունները ևս կօգտվեն համագործակցության նոր հնարավորություններից։ «Վստահ եմ, որ ապագայում թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը կհասկանան, որ իրենց մտավախությունները զուր են», - ասել է Էրդողանը։