Ենթադրյալ կեղծ տեղեկանք՝ հանուն Հայկ Կոնջորյանի եղբոր թեթև պատժի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սակայն 3 ամիս անց Կոնջորյանը նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։

Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին. «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը թույլ է տալիս ոչ մեծ ծանրության, առաջին անգամ հանցանք կատարած լինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառել տուգանք՝ խուսափելով այլ պատժատեսակից։ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել համաձայնությամբ տուգանքով։

Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու օգնել Կոնջորյանին ազատվել ավելի խիստ պատժից, երբ Կոնջորյանն ուներ դատվածություն. ոստիկանությունը «Ազատությանը» պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կողմիտեն էլ պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։

Կոնջորյանը մեքենա է վարել առանց դրա իրավունքի

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի՝ 2025-ի հուլիսին Ավետ Կոնջորյանը 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Ընդամենը երեք ամիս անց պարեկները Կոնջորյանին նորից տեսել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի ղեկին։ Կոտայքի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ, Ավետ Կոնջորյանի նկատմամբ հարուցվում է հանրային քրեական հետապնդում, և մոտ մեկ ամիս հետո գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան։ Մեկ շաբաթ անց նիստ է նշանակվել ու որոշվել համաձայնությամբ տուգանքի վարույթ կիրառել, ինչին Կոնջորյանը չի առարկել։

Ավետ Կոնջորյան, արխիվ

Դատարանը համաձայնությամբ տուգանք նշանակելու որոշման հիմքում դրել է ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, ըստ որի Ավետ Կոնջորյանը նախկինում դատապարտված չի եղել։ Դատարանը վճռել է կիրառել համաձայնությամբ տուգանք 375 հազար դրամի չափով ու տարաժամկետել դրա վճարումը, քանի որ Ավետ Կոնջորյանը պնդել է՝ ի վիճակի չէ գումարն ամբողջությամբ ու միանգամից վճարել։ Այս տարվա հունվարի 29-ին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Ավետ Կոնջորյանին առաջադրված մեղադրանքը կարող էր ենթադրել նաև այլ պատժատեսակներ՝ օրինակ՝ տուգանք առավելագույնը տասնհինգապատիկի չափով (սա մի քանի անգամ ավելի մեծ թիվ կկազմեր), ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս կամ հանրային աշխատանք մինչև 150 ժամ։ Այնուհանդերձ, Քննչական կոմիտեի ու մեղադրյալ Կոնջորյանի ցանկությունը՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու մասին և գործում ոստիկանությունից ստացված տեղեկանքը ավելի մեղմ պատիժ են ապահովել Կոնջորյանի համար։

Ստանալ չդատվածության տեղեկանք՝ ունենալով դատվածություն

Համաձայնությամբ տուգանք նշանակելու կարգավորումները սահմանվում են Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով, և սրա կիրառման պահանջներից մեկն այն է, որ անձը նախկինում հանցանք կատարած չլինի։ Այնինչ Ավետ Կոնջորյանին 2010-ին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նա դատապարտվել է։ Ըստ գործի՝ Կոնջորյանը, զբաղվելով բնակարանների առուվաճառքով, խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Գագիկ Մեսրոպյանի հետ, աբովյանցի Ալվարդ Մկրտչյանին բնակարան վաճառելու պատրվակով որպես կանխավճար մաս-մաս ստացել են մոտ 15 հազար դոլար և հափշտակել։ Այս դատական գործով Կոնջորյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Դատախազությունը բողոքարկել է այս վճիռն ու պահանջել ավելի խիստ պատիժ Ավետ Կոնջորյանի համար, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է, վճիռն էլ՝ մտել օրինական ուժի մեջ։ Կոնջորյանի պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտարկվել այն փաստերը, որ նա լիովին փոխհատուցել է տուժողին պատճառված 15 հազար դոլարի վնասը, հարևանների կարծիքով եղել է հայրենիքի նվիրյալ որդի ու ունեցել երկու մանկահասակ երեխա։

Ավետ Կոնջորյանի՝ 2025-ին ավտոմեքենա վարելու իրավունք չունենալով մեքենա վարելու քրեական վարույթում, սակայն, հայտնվել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքն այն մասին, որ նա նախկինում դատված չի եղել։ Այս տեղեկանքը տրամադրվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից։ Քարտադարանում ամփոփվում են դատապարտյալների, կալանավորների, հետախուզվողների մասին տվյալները, դրանք տրամադրվում են նաև օպերատիվ հետախուզական մարմիններին։

«Ազատության» և Ներքին գործերի նախարարության՝ հունվարից սկսված գրագրությունից պարզ է դառնում, սակայն, որ ոստիկանությունը ձև 8 տեղեկանք Կոնջորյանի գործով քննչական մարմնին չի տրամադրել. «ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում Ավետ Արսենի Կոնջորյանի նախկինում դատվածություն չունենալու վերաբերյալ 2025թ.-ին տրամադրած ձև 8 տեղեկանք չի արձանագրվել»,-հայտնել են ՆԳՆ-ից։

ՆԳՆ-ի պատասխանը հակասության մեջ է Կոնջորյանի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Քննչական կոմիտեի պատասխանի հետ. ՔԿ-ից երկու անգամ պնդել են՝ նման տեղեկանք ստացվել է հենց ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնից (նախկինում այն տրամադրում էր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը) ու կցվել քրեական վարույթի նյութերին։ «Ազատություն»-ը ՆԳՆ-ին խնդրել է պարզաբանել՝ եթե իրենց կողմից ձև 8 տեղեկանք չի տրամադրվել Ավետ Կոնջորյանի անվամբ, ինչպե՞ս է քրեական վարույթի նյութերում հայտնվել նման պաշտոնական փաստաթուղթ։ Ըստ ՆԳՆ-ի՝ իրենք արդեն դիմել են դատարան համապատասխան տեղեկանքի պատճենը ստանալու և ուսումնասիրելու համար և կկարողանան հարցին պատասխանել ուսումնասիրության ավարտից հետո։

Ի՞նչ է պարզաբանում Կոնջորյանի փաստաբանը

Ինչպե՞ս է քրեական վարույթի նյութերում հայտնվել Կոնջորյանի դատապարտված չլինելու տեղեկանքը, հետաքրքրվեցինք դատարանում նրա ներկայացուցիչ Մելանյա Սարգսյանից։

«Կապ չունի՝ ինքը Ավետ Կոնջորյանն է, թե Պողոս Պողոսյանը, եթե անձը դատապարտված է լինում, ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների դեպքում որոշակի տարիներ հետո դատվածությունը համարվում է մարված, ու եթե դա մարվել է, ուրեմն անձը դատվածություն չունի»,-բացատրեց փաստաբանը։

Այնինչ, ՆԳՆ-ի կողմից մեզ տրամադրված պարզաբանումից, ինչպես նաև այսպիսի տեղեկանքներ տրամադրելու մասին կառավարության որոշումից երևում է, որ անկախ դատվածության մարումից ձև 8 տեղեկանքն իր մեջ պիտի պարունակեր բոլոր տվյալները անձի մասին, այդ թվում՝ դատապարտվածությունը կամ դրա մարումը. «Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման տվյալները պահվում են` անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից»,-ասված է ՆԳՆ պատասխանում։ Սա սահմանված է նաև կառավարության 933-Ն որոշմամբ։

«Անձնական հարաբերություններն ու անձնական կյանքի հանգամանքները քաղաքական բանավեճերի առարկա կարելի է դարձնել այն ժամանակ, երբ այդ հարաբերությունները որևէ կերպ ազդել են հանրային բարիքի վրա։ Մենք ունենք այդպիսի օրինակներ, երբ փեսաները, քավորները, քենիները, բաջանաղները, բաջանաղի վարորդները, վարորդների սիրուհիներն իրենց հնարավորություններն օգտագործել են հանրային բարիքի ոտնահարման համար»,-2021-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր Ավետ Կոնջորյանի եղբայր, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հնարավո՞ր է այդպիսի մի միջամտության արդյունքում է ձև 8 տեղեկանքն այդ բովանդակությամբ հայտնվել քրեական վարույթի նյութերում, հետաքրքրվեցինք Ավետ Կոնջորյանի փաստաբանից:

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ…այլ միջամտություն մի փնտրեք, եթե անձը մարված դատվածություն է ունենում, նա համարվում է դատվածություն չունեցող»,-պնդեց նրա փաստաբանը։

Ավետ Կոնջորյանը, լսելով իր դատվածության տեղեկանքի մասին հարցը, չցանկացավ դրան պատասխանել՝ անջատելով հեռախոսը։ Նա ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2021-ի դրությամբ վերջինս աշխատում էր «Կոտայք» ջրօգտագործող ընկերությունում՝ որպես վերահսկողության պետի տեղակալ։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2023-ից Կոնջորյանը նորակառույցներում բնակարանների վաճառքով զբաղվող «Միլոն ռիելթի» ընկերության տնօրենն էր։ Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն հաջորդած դատերի ընթացքում նա դեռ այս ընկերությունում տնօրեն էր (ըստ ռեգիստրի՝ նա տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա հունվարի 5-ին)։

Դատական փաստաթղթերում, սակայն, Կոնջորյանը ներկայացվել է որպես աշխատանք չունեցող անձ, ում գույքային դրությունը թույլ չի տվել անհապաղ ու ամբողջական վճարել 375 հազար դրամ տուգանքը։ Կարելի է ենթադրել, որ սա իրականացվել է տուգանքի չափը նվազեցնելու նպատակով. եթե քրեական վարույթով տուգանքի չափը հաշվարկվեր աշխատավարձի տասնհինգապատիկով, ոչ թե նվազագույն աշխատավարձի հնգապատիկով, Կոնջորյանը ստիպված կլիներ մի քանի անգամ ավելի շատ վճարել։


Մկրտիչ Կարապետյան