Ենթադրյալ ահաբեկչություն Իսրայելում․ կա զոհ

Իսրայել, արխիվ

Կենտրոնական Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափից ոչ հեռու ենթադրյալ ահաբեկչական հարձակումից մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են, հղում անելով իսրայելական շտապբուժօգնության ծառայությանը, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ զոհը 35-ամյա տղամարդ է։

«Հարձակման հեղինակներն էին արաբական ծագում ունեցող Իսրայելի քաղաքացի և ևս մեկ անձ, որի ինքնությունը դեռ պարզված չէ», - հաղորդել է ոստիկանությունը։ Ըստ ոստիկանության՝ այդ երկու անձինք սպանվել են։

Իսրայելցի իրավապահների տեղեկություններով՝ կասկածյալները մեքենայից կրակ են արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ միմյանցից ոչ հեռու գտնվող առնվազն երեք վայրերում։

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը պաշտպանել է կատարվածը՝ առանց պատասխանատվություն ստանձնելու հրաձգության համար։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ անվտանգային իրավիճակի գնահատում է անցկացրել և հետևում է զարգացումներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանության զորքերը դեռ դեպքի վայրում են, խուզարկություն է ընթանում։