Էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզությունը ցույց է տվել, թե էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում, և որ նման հարվածները դժվարացնում են գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։

«Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել, ուստի անհրաժեշտ է ապահովել, որ բոլոր ՀՕՊ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ ռուսական հարձակումները իրականացվում են տարբեր զինատեսակների համադրությամբ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով, ինչը պահանջում է «հատուկ պաշտպանություն և աջակցություն մեր գործընկերների կողմից»։

«Ռուսաստանը չի կարող դիմադրել ձմեռային ցրտի վերջին օրերի գայթակղությանը և ցանկանում է ցավոտ հարված հասցնել ուկրաինացիներին: Գործընկերները պետք է հասկանան սա։ Առաջին հերթին սա վերաբերում է Միացյալ Նահանգներին», - ասել է նա։

Այսօր Ժնևում նախատեսված է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը: Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում, սակայն կողմերը չեն բացահայտել հանդիպման վայրի փոփոխության պատճառը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-18-ին