Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում՝ Հունգարիան հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է այսօր ԵՄ խորհրդի նիստում, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» աղբյուրները։
Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն, Հունգարիան փոխել է դիրքորոշումը։
Հայաստանը երկրորդ անգամն է աջակցություն ստանում եվրոպական հիմնադրամից։ Առաջինը տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին՝ 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար