Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ կառավարությունն արդեն հաստատել է այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին իրենց սառեցված ձուկն ու ձկնամթերքը Եվրամիության երկրներ արտահանել։
«ԵՄ երկրներ արտահանելու նպատակով, արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը», - կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Ընկերություններն արդեն կարող են գրանցվել ԵՄ համապատասխան համակարգում, ստանալ անհրաժեշտ առողջության սերտիֆիկատներն ու թույլտվությունները, ապա սկսել արտահանումը։
«Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գնալու են բիզնեսից ՍԱՏՄ, որից հետո ՍԱՏՄ-ն համապատասխան ստուգումներ կիրականացնի, որից հետո, երբ այդ փաստաթղթերն արդեն կուղարկվեն եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ, որի մեջ՝ այդ ամբողջ պատմությունը: Քանի դեռ ինքը չի զրկվել այդ կոդից, մուտք է անելու համակարգ, ու ԵՄ ցանկացած երկրից ու Երևանում այդ կոդը մուտք են անելու, տեսնելու են այդ կազմակերպության բոլոր տվյալները, ինքը կարողանալու է արտահանում իրականացնել», - ներկայացրեց Պապոյանը:
Թեև, ըստ էկոնոմիկայի նախարարի, արդեն հինգ ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել, ՍԱՏՄ ղեկավարը նշեց՝ կառավարության երեկվա նիստից հետո, դեռ պաշտոնապես միայն մեկ դիմում են ստացել։ Այդ ընկերության ղեկավարի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց: ԵՄ երկրներ արտահանել ցանկացող մյուս ընկերությունները նույնպես պետք է գրավոր դիմեն ՍԱՏՄ, որովհետև հենց այս մարմինն է տնտեսվարողին գրանցելու ԵՄ առևտրի վերահսկման համակարգում:
Ձկնաբույծների արձագանքը
«Վանկա Ռիթեյլ գրուպ» ձկնաբուծական ընկերության հիմնադիր Ռաֆայել Պողոսյանն «Ազատությանն» ասաց՝ ֆինանսական լուրջ վնասներ է կրել ռուսական սահմանափակումներից հետո: Շուրջ 30 տարի իր արտադրած ծիածանափայլ իշխանն ամբողջությամբ արտահանել է Ռուսաստան, իսկ հիմա վստահ չէ, որ կկարողանա արագ մուտք գործել ԵՄ շուկա։
Նրա խոսքով՝ Եվրոպայում մրցակցությունը շատ բարձր է, իսկ Հայաստանում ձկան կերը գրեթե կրկնակի թանկ է, սրա հետևանքով, ըստ նրա, եվրոպացի արտադրողն ի սկզբանե առավելություն ունի՝ մրցակցային անհավասար պայմաններ են: Իսկ ձկան արժեքի շուրջ 85 տոկոսը ձևավորվում է հենց կերի հաշվին։
Թեև պետությունն այժմ յուրաքանչյուր արտահանվող կիլոգրամ ձկան համար 820 դրամ աջակցություն է տրամադրում, Պողոսյանի համոզմամբ, դա բավարար չէ. «30 տարի ստեղծած շուկան մի քանի ամսում չես փոխարինի, դրա համար առնվազն հինգ տարի է պետք»։
Ռուսական սահմանափակումներից տուժել է նաև ձկնաբույծ Արթուր Հակոբյանի բիզնեսը։ Նա զբաղվում է նաև ձկնկիթի արտադրությամբ, հայկական շուկայում էլ է դրանք վաճառում: Հիմա, մտադիր է իր արտադրանքն արտահանել նաև Եվրամիության երկրներ. պատրաստվում է գրավոր դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
«Թող քիչ քանակ լինի, բայց որակով: Փաստաթղթային ճանապարհը, որ կանաչ լինի իմ համար, չչարչարվեմ՝ էս կողմ, էն կողմ, ամեն ինչ եթե կանոնավոր անենք, ոչ մի բան էլ ինձ պետք չի, պատրաստ ենք մենք», - նշեց նա:
Ըստ փոխվարչապետի՝ միայն ՍԱՏՄ-ում գրանցվելն ու անհրաժեշտ կոդ ստանալը բավարար չէ
Բայց, որ Արթուր Հակոբյանն ու մյուս տնտեսվարողներն օգտվեն այս նոր հնարավորությունից ու իրենց ապրանքն առանց խոչընդոտի հասցնեն ԵՄ երկրներ, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ միայն ՍԱՏՄ-ում գրանցվելն ու անհրաժեշտ կոդ ստանալը բավարար չէ:
Կառավարության երեկվա նիստում Մհեր Գրիգորյանը դիմելով էկոնոմիկայի նախարարին ու ՊԵԿ նախագահին ասաց՝ եվրոպական մաքսային մարմինները թվային եղանակով պետք է կարողանան տեսնել ոչ միայն արտահանողի փաստաթղթերը, այլև հետևել բեռի ամբողջ ճանապարհին՝ համոզվելու, որ Հայաստանից դուրս եկած նույն բեռն է հասել ԵՄ սահման։ Հակառակ դեպքում բեռները կարող են ուղարկվել լրացուցիչ զննման, իսկ դա ժամանակ է ու ծախս:
«Մենք կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորի ջանքերից, խնդիրը չենք լուծելու: Հիմնական խնդիրը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ, եթե մաքսավորը չի տեսնում էլեկտրոնային կապարակնիք, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ՝ հավ», - նշեց Գրիգորյանը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, արձագանքելով փոխվարչապետի մտահոգություններին, ասաց՝ ապրանքների հետագծելիությունը 2 բաղադրիչ ունի՝ փաստաթղթային և ֆիզիկական։ Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն դիմել է ԵՄ թվային տրանզիտի համակարգին միանալու համար, իսկ հաջորդ քայլը բեռների շարժի հետագծելիությունն ապահովելն է մինչև ԵՄ։
Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց. «Պետք է շատ արագ ու զուգահեռ այդ խնդիրը լուծել»: