ԵՄ նախարարական հանդիպումներն առաջիկա ամիսներին տեղի կունենան Կիպրոսում

Չնայած Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած անորոշությանը՝ Եվրամիության նախարարական հանդիպումներն առաջիկա ամիսներին տեղի կունենան Կիպրոսում։

Կիպրոսը, որը ներկայումս ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, այս ամսվա համար նախատեսված ոչ պաշտոնական հանդիպումները տեղափոխել էր առցանց ձևաչափի, որոշներն էլ հետաձգել էր՝ մարտի սկզբին կղզում գտնվող բրիտանական ռազմական բազայի վրա հարձակման պատճառով։

«Ամեն ինչ լիովին վերադարձել է բնականոն հուն։ Ապրիլից մինչև հունիս Կիպրոսում նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն ըստ նախատեսված ծրագրի», - ասել է Կիպրոսի էներգետիկայի նախարար Միխալիս Դամիանոսը։

Կիպրոսի իշխանությունների հաղորդմամբ՝ մարտի 2-ի գիշերը RAF Akrotiri բազայի վրա հարձակումն իրականացվել է իրանական «Շահիդ» տեսակի անօդաչու սարքով։ Ենթադրվում է, որ այն արձակվել է Լիբանանից՝ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորման կողմից։