ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է պատրիաք Կիրիլին, Մեդինսկուն և մի շարք ղեկավարների

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծում ներառել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլին, քաղաքական գործիչ Վլադիմիր Մեդինսկուն, ինչպես նաև պետական խոշոր մարմինների և առևտրային ընկերությունների ղեկավարների, հայտնում է «Սիստեմա» հետաքննչական նախագիծը։

Պատրիարք Կիրիլի ներառումը փաստաթղթում բացատրվում է նրանով, որ հոգևոր առաջնորդն աջակցում է Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններին, իսկ Վլադիմիր Մեդինսկին համարվում է պետական քարոզչության առանցքային դեմքերից մեկը։

Իրավաբանական անձանց ցանկում են Մոսկվայի բորսան, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, «Ռոսսելխոզբանկը» և «ДОМ.РФ» բանկը։

Ցանկում կրկին ներառված են անձինք, որոնց ընդգրկումը պատժամիջոցների փաթեթում նախկինում քննարկվել էր, բայց չէր իրականացվել՝ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը։

Ցուցակում են նաև սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Սերգեյ Բելովը, ձեռնարկատերեր Վագիտ Ալեքպերովը, Միխայիլ Գուցերիևը և Իսկանդեր Մախմուդովը, երաժիշտ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մինկովը (Ալեքսանդր Մարշալ), «Գազպրոմ-Մեդիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Վլադիմիր Տաբակը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, ինչպես նաև մի շարք ռազմական ձեռնարկությունների և կոնստրուկտորական բյուրոների ղեկավարներ և համասեփականատերեր։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը ԵՄ-ն շրջանառության մեջ է դրել երեկ: Փաստաթղթի նախագիծը Բրյուսելում ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պատժամիջոցների համաձայն՝ արգելվելու է Ուկրաինայի ռուսական ներխուժման բոլոր մասնակիցների մուտքը ԵՄ տարածք, պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանում գործող 31 բանկերի նկատմամբ։

Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել մի շարք ապրանքատեսակների՝ այդ թվում ավտոպահեստամասերի առաքումը Ռուսաստան։