Եվրամիության երկրները նախօրեին քայլեր են ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցի փակման համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների և մյուս պատասխանատուների դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, հայտնել է Եվրամիությունը։
Թեհրանը փաստացի փակեց համաշխարհային գազի և նավթի փոխադրման կարևոր ուղին՝ ի պատասխան փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների: Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
Շրջափակումը «միջազգային իրավունքին հակասող» գնահատելով՝ ԵՄ կառավարությունները տեխնիկական քայլ ձեռնարկեցին՝ Իրանի դեմ գործող պատժամիջոցների շրջանակն ընդլայնելու համար, որպեսզի դրա շրջանակում հնարավոր լինի թիրախավորել ավելի շատ անձանց,- հայտնում է Reuters-ը:
«ԵՄ-ն այժմ կկարողանա լրացուցիչ սահմանափակող միջոցներ կիրառել՝ ի պատասխան Իրանի գործողությունների, որոնք խաթարում են նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում»,- հայտարարել է ԵՄ-ն:
Բրյուսելի՝ Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերաբերում էին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Թեհրանի ռազմական աջակցությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումներին աջակցությանը:
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել նաև Իրանում մարդու իրավունքների խախտումների համար։
ԵՄ-ն չի նշել, թե որ անձինք կամ կազմակերպություններն են հայտնվելու նոր պատժամիջոցների տակ, որոնք ներառում են ճանապարհորդական սահմանափակումներ և ակտիվների սառեցում։