ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Արևմտյան ափում բռնությունների պատասխանատուների նկատմամբ

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլաս, արխիվ

Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում բռնության աճի և բնակավայրերի ընդլայնման համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Սա հնարավոր է դարձել Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ Մադյարի կառավարությունը ևս միացավ գործընկերներին՝ հրաժարվելով վետոյի քաղաքականությունից։

«Ժամանակն էր, որ փակուղուց հասնենք արդյունքի», - հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը, հավելելով՝ ծայրահեղականությունն ու բռնությունը չեն կարող մնալ անհետևանք։

ԵՄ պաշտոնյաների խոսքով՝ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն իսրայելցի յոթ վերաբնակիչներ կամ վերաբնակեցման կազմակերպություններ։

Իսրայելը դատապարտել է՝ պնդելով, որ հրեաներն իրավունք ունեն բնակություն հաստատել օկուպացված Արևմտյան ափում։

«Եվրամիությունը կամայական և քաղաքական որոշում է կայացրել՝ առանց որևէ հիմքի», - X-ում գրել է արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Դաշինքը նաև պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորման ներկայացուցիչների նկատմամբ։